Փոքր տարիքում շատերս ենք ունեցել տարբեր տեսակի վնասվածքներ՝ կտրվածքներ, քերծվածքներ, կոտրվածքներ, որոնք ժամանակի ընթացքում բուժվել են, իսկ, հատկապես, մտերիմ մարդկանց կողմից ասված չար խոսքերի վերքերն արյունել են երկար տարիներ։ Ինչպես հայկական առածն է ասում. «Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա»։ Արդարև, այս կյանքում շատ քիչ բաներ կան, որ կարող են ավելի մեծ վնաս հասցնել, քան մտածված և կամ բարկության պահին առանց մտածելու ասված չար խոսքերը։
«Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը»։ (Հակոբոս 3:6)
Հակոբոս Առաքյալը մարդկային լեզուն համեմատում է կրակի հետ՝ շեշտադրելով դրա պատճառած մեծամեծ չարիքները։ Հրդեհ բռնկելու համար շատ բան պետք չէ. մի հատիկ լուցկին իսկ կարող է ոչնչացնել հարյուրավոր հեկտար անտառներ։ Նույն կերպ և մեր լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում և կարող է ապականել մեր հոգին ու վառել մեր ամբողջ գոյությունը։
Այսու, Աստվածաշունչ Սուրբ Գիրքը հիշեցնում է մեզ զգույշ լինել և հետևել մեր խոսքերին՝ թե՛ բանավոր և թե՛ գրավոր, հատկապես այս օրերին, երբ համացանցում սանձարձակ տարածում են գտել ատելությունն ու հայհոյությունը։
Թող որ Աստծո Սուրբ Հոգին օգնական լինի մեզ, որպեսզի չսայթաքենք մեր խոսքերի մեջ և մեր անխնա բառերով չվիրավորենք ուրիշներին։ Մեր քննադատությունները թող լինեն առողջ և կառուցողական, իսկ մեր լեզուն և մեր խոսքը թող օրհնեն մեր շրջապատի մարդկանց և օրհնաբանեն Աստծուն։
Աղոթենք սաղմոսերգուի հետ՝ ասելով. «Բերանիս խոսքերը թող հաճելի լինեն քեզ, և սրտիս խորհուրդներն ամեն ժամ քո առջև լինեն, Տե՜ր, օգնակա՛ն իմ և փրկի՛չ իմ»։ (Սաղմոս 18:15)
Comments