• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Լավ է Տիրոջը հուսալ



Երեկ հեռուստատեսությամբ դիտում էի բողոքի ցույցը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։ Եվս մեկ անգամ ցավով անդրադարձա, որ միջազգային հանրությունը կարծես խցել է իր ականջները, համառորեն լուռ է և քայլեր չի ձեռնարկում թուրք-ադրբեջանական ագրեսիան և ահաբեկչական գործողությունները կասեցնելու առնչությամբ։


Նման պահերին, երբ հրետակոծում են խաղաղ բնակչությանը, գնդակահարում են անզեն մարդկանց, գլխատում են վիրավոր զինվորներին, արդարացիորեն հարց է ծագում. «Իսկ ո՞ւր են մարդու իրավունքների և բռնությունների կանխարգելման մասին այդ նույն միջազգային կազմակերպությունների կոնվենցիաներն ու վերամբարձ կոչերը»։


Նման պահերին է, որ վերստին համոզվում ես Աստվածաշնչյան խոսքերի ճշմարտացիությանը. «Լավ է Տիրոջը հուսալ, քան մարդկանց, լավ է Տիրոջը հուսալ, քան իշխաններին» (Սաղմոս 117:8-9)։


Արդարև, մեր ժողովրդի համար այս ծանր օրերին, երբ միայնակ կենաց մահու պայքար ենք մղում թուրք-ադրբեջանական ահաբեկիչների հարձակումների դեմ, մեր հույսն ու ապավենը թող լինի մեր Տեր Աստված։ Աստծով զորացած, ազգովին համախումբ ու վճռական պատերազմենք անարգ թշնամու դեմ և մեր հաղթանակով պարտադրենք խաղաղությունը տարածաշրջանում։


Ցավոք, այս գոյապայքարի ընթացքում անխուսափելիորեն մեր աչքերից արցունքներ պիտի հոսեն՝ մեր քաջասիրտ զինվորների նահատակությանն ի տես։ Սակայն հավատում ենք, որ Ամենագութ Աստված նրանց հոգիներին խաղաղություն պիտի պարգևի Երկնքի Արքայության լույսերի մեջ և «պիտի սրբի մեր աչքերից ամեն արտասուք, և այլևս մահ չպիտի լինի. ոչ սուգ, ոչ ցավ և ոչ չարչարանք» (Հայտնություն 21:4)։


Աստված օգնական և պահապան մեր քաջարի զինվորներին և մեր հերոսական ազգին։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.