• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Իմ հզոր Աստված



Սա Դավիթ Սաղմոսերգու Թագավորի առաջին սաղմոսն է՝ պահպանված Բ Թագավորություններ գրքում։ Դավիթը գոհության և փառաբանության երգ է ձոնում Տիրոջը, որովհետև Տերը նրան զորություն էր պարգևել և ազատել բազում վտանգներից ու թշնամիներից, որոնք ցանկանում էին կործանել նրան։


Սակայն ամենասքանչելին այս զորավոր փառաբանական սաղմոսի մեջ «իմ» անձնական դերանվան կիրառությունն է, որը նախորդում է Աստծուն բնութագրող մակդիրներին և հատկանիշներին։


Սաղմոսերգուն ցնծությամբ հռչակում է. «Տերն իմ վեմն է, ամրությունն ու փրկիչը … Նա է իմ հովանավորը, իմ փրկության զորությունը, իմ պաշտպանն ու իմ փրկության ապավենը … Իմ հզո՜ր Աստված»։


Աստված մարդկանցից հեռու և անտարբեր մեկը չէ, այլ սիրառատ և մերձավոր Փրկիչն է, որին Դավիթը կարող էր ապավինել՝ հստակ գիտակցելով, որ Աստված կհզորացնի նրան զորությամբ և կփրկի չար թշնամու հարձակումներից։


Աստված ցանկանում է, որ Իր զավակներից յուրաքանչյուրը գիտակցի այս հիասքանչ ճշմարտությունը. Մենք բոլորս կարող ենք վայելել Նրա հետ անձնական հաղորդությունը մեր կյանքի բոլոր օրերում և զորանալ Նրանով։


Աստված ճառագում է Իր սերը մեզնից յուրաքանչյուրի վրա, Նրա անսահման շնորհը հեղվում է մեզ վրա անհատապես։ Ուրեմն, Դավթի սրտաբուխ աղոթքով և ցնծությամբ գոհաբանենք մեր Տեր Աստծուն՝ Նրա համակ ուշադրության, Նրա անմար սիրո, Նրա անսպառ շնորհի և Նրա անխորտակելի զորության համար՝ ասելով.


«Տերն իմ վեմն է, ամրությունն ու փրկիչը։ Թող Աստված ինձ պահապան լինի. ես նրան եմ ապավինել։ Նա է իմ հովանավորը, իմ փրկության զորությունը, իմ պաշտպանն ու իմ փրկության ապավէնը։ Անիրավ մարդկանցից փրկի՛ր ինձ, Տե՜ր։ Օրհնյալ Տիրոջն եմ աղերսում, որ ազատվեմ իմ թշնամիներից։ Ինձ պաշարեցին մահաբեր թուլությունները, ինձ խռովեցին անօրենության հեղեղները։ Մահվան երկունքն ինձ պատեց, մահվան որոգայթներ ծառացան իմ առաջ։ Իմ նեղության մեջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, ու Նա իր սուրբ տաճարից պիտի լսի իմ ձայնը, իմ աղաղակը Նրա ականջին պիտի հասնի… Իմ հզո՜ր Աստված, քո ճանապարհն անարատ է։ Տիրոջ խոսքը ճշմարիտ է, Նա հովանավոր է բոլոր իրեն ապավինողներին։ Ո՞վ է հզոր, բացի քեզանից, Տե՜ր, եւ ո՞վ է արարիչ, բացի մեր Աստծուց։ Հզոր է Տերը, որն ինձ հզորացնում է զորությամբ, իմ ճանապարհներն անարատ դարձնում»։ (Բ. Թագավորաց 22:2-7, 31-33)

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.