top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Իմաստուն Մոգերը



Շարունակում ենք Սուրբ Ծննդյան ութօրեքի մեր խորհրդածությունների շարքը։ Այսօր հինգերորդ օրն է, իսկ շարականը հետևյալն է.


«Աստղի նշանին հետևելով՝ մոգերն եկան Բեթղեհեմ, երկրպագեցին Տիրոջը և քարայրում նվիրաբերեցին ընծաները խորհրդավոր» (Տեր յերկնից Սուրբ Ծննդեան, ԳՁ):


Մոգերի մասին ավետարանական պատումը (Մտթ. 2.1-12), որը գեղեցկորեն ներկայացված է նաև մեր սուրբծննդյան շարականներում, հոգևոր կյանքի ամփոփ նկարագիրն է:


Երբ Հիսուսի ծննդյան ժամանակ երևում է Նրա պայծառ աստղը, Արևելքի կողմերից այդ աստղն առաջինը նկատում են իմաստուն երեք մոգերը (Մելքոն, Գասպար եւ Բաղդասար), որոնք ուսումնասիրում էին երկնքի նշաններն ու մարգարեությունները։ Սա հոգևոր կյանքում զգաստության և արթնության կարևորությունն է մատնանշում: Մենք ևս, պետք է արթուն լինենք մտքով և բաց պահենք մեր հոգու աչքերը՝ տեսնելու և հասկանալու Աստծո Խոսքը և նշանները մեր կյանքում:


Չնայած հեռավորությանը և սպասվող դժվարություններին, մոգերը գիտակից որոշում են կայացնում և ճանապարհ ընկնում, որպեսզի հասնեն նորածին Թագավորի ծննդյան վայրը և երկրպագեն նրան։ Մենք ևս, հաճախ գիտենք, թե ի՛նչ է Աստված կամենում, բայց քայլեր չենք ձեռնարկում՝ վախի, ծուլության պատճառով և կամ այլ պատճառաբանություններ փնտրելով: Մոգերի օրինակը սովորեցնում է մեզ քաջաբար ու համառորեն մեր քայլերն անել հոգևոր կյանքի մեջ և անվարան կատարել Աստծո կամքը՝ առանց տրտնջալու կամ վախենալու դժվարություններից ու նեղություններից:


Իմաստուն մոգերը, հասնելով Բեթղեհեմ, մտնում են այն քարայրը, ուր գտնվում էր մանուկ Հիսուս, ծնրադրում են նրա առջև, երկրպագում և նվերներ մատուցում՝ ոսկի, կնդրուկ, զմուռս։ Շարականագիրն ասում է. «ընծաները խորհրդավոր», քանզի դրանցից յուրաքանչյուրը խորհուրդ ունի իր մեջ։ Ոսկին խորհրդանշում էր Տեր Հիսուսի Թագավոր լինելը, կնդրուկը` Աստվածությունը և զմուռսն էլ` Տիրոջ փրկագործ մահը։ Այսինքն` այս ընծաներով մոգերը խոստովանում են, որ նորածին Մանուկն իրենց Թագավորն է, Աստվածը և Փրկիչը: Մենք ևս, երբ գալիս ենք դեպի Տեր Հիսուս Քրիստոս, դատարկաձեռն չլինենք, այլ նվիրենք Նրան մեր սիրտը, հոգին ու միտքը և խոստովանենք, որ Նա է մեր Թագավորը, Աստվածն ու Փրկիչը:


Հուսկ, Ավետարանիչն ասում է, որ Մոգերն «ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը»: Արդարև, նա, ով գալիս է Տեր Հիսուս Քրիստոսի մոտ և տեսնում Նրա լուսապայծառ դեմքը, այլևս առաջվանը լինել չի կարող լինել։ Նա դառնում է նոր մարդ և ընթանում նոր ճանապարհներով՝ դեպի Երկնքի Արքայություն։


«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։

114 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
bottom of page