
Բոլորս էլ հաճախ հայտնվում ենք իրավիճակների մեջ, երբ միայնակ ենք զգում և վախի զգացումը պատում է մեր սիրտը։ Սակայն եթե հավատում և վստահում ենք մեր Արարիչ Աստծուն, ապա պետք է զորանանք և արիանանք, որովհետև Նա միշտ մեզ հետ է ուր էլ որ գնանք, ինչ էլ որ ձեռնարկենք։
Աստված տալիս է քաջության և արիության այս պատվիրանը Հեսուին, երբ վերջինս հաջորդեց Մովսես Մարգարեին՝ կոչված լինելով առաջնորդելու Աստծո ժողովրդին դեպի խոստացյալ երկիրը։ Մենք ևս պետք է զորանանք և քաջ լինենք մեր կյանքը անվախ և հավատարիմ ապրելու համար՝ հաղթահարելու բոլոր դժվարություններն ու փորձությունները և իրագործելու այս կյանքում մեր բացառիկ կոչումը։
Հեսուին և նաև մեզ տրված պատվիրանը, Աստծո ներկայության խոստումն է մեր կյանքերից ներս։ Մենք չպետք է և չենք էլ կարող ինքնուրույն զորավոր լինել։ Մենք կարող ենք և կլինենք զորավոր միայն Տիրոջով, իսկ Նրա զորությունը երբեք տկարություն չի ճանաչում։
Սիրելիներ, ապրենք մեր կյանքը Աստծո կատարյալ ներկայության մեջ, նրա հայրախնամ և սիրառատ հայացքի ներքո։ Եվ Աստված կքայլի մեզ հետ մեր կյանքի բոլոր հանգրվաններում՝ հեռու վանելով վախը և զորացնելով մեզ, որպեսզի քաջաբար հաղթահարենք կյանքի բոլոր դժվարություններ, փորձություններն ու մարտահրավերները։
Աղոթենք՝ ասելով.
«Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջև սաղմոս պիտի երգեմ քեզ, քանզի լսեցիր խոսքը բերանիս։ Պիտի երկրպագեմ սուրբ տաճարիդ և անվանդ գոհություն պիտի մատուցեմ քո ողորմության ու ճշմարտության համար, քանզի ամեն ինչում մեծ ցույց տվիր սուրբ անունդ։ Որ օրը որ քեզ ձայն տամ, իսկույն լսի՛ր ինձ, և բազմապատկի՛ր զորությունները հոգուս մեջ»։ (Սաղմոս 137:1-3)
Comments