top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Երկրորդ Ծաղկազարդ




Այսօր մեր եկեղեցիներում հիշատակում ենք Երկրորդ Ծաղկազարդը, որը կապված է զուտ ազգային մի գեղեցիկ ավանդության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ :


Համաձայն այս ավանդության մեր հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապի բանտարկության ողջ ընթացքում վայելել է հրեշտակի այցելությունն ու ներկայությունը։ Պատահում է, սակայն, որ Համբարձման չորրորդ օրը հրեշտակը բացակայում է, և երբ Լուսավորիչը հաջորդ օրը հարցնում է պատճառը, հրեշտակը պատասխանում է, որ Տիրոջ Համբարձումը տոնելու համար հրեշտակների ինը դասերը հաջորդաբար տոնախմբություն են կատարում, և ինքը, լինելով չորրորդ դասից, այդ օրը չի ցանկացել իր դասի ուրախություններից բացակայել։ Նմանեցնելով բուն Ծաղկազարդի` երկրային Երուսաղեմ Հիսուսի հանդիսավոր մուտքի հետ, հրեշտակների ուղեկցությամբ վերին Երուսաղեմ Քրիստոսի հանդիսավոր մուտքի հիշատակությունը մեր հայրերը կոչել են Երկրորդ Ծաղկազարդ:


Այս հիասքանչ ավանդությունը գալիս է քաջալերելու մեզ, որ Հիսուս Քրիստոսին հավատացողները, ովքեր զինված են Աստծո նկատմամբ կատարյալ վստահությամբ և պատրաստ ամեն զոհողության, երբեք միայնակ չեն իրենց ծանրագույն փորձությունների ընթացքում։


Ոչ ոք այնքան անհուսալի պայմաններում չի գտնվել, որքան Լուսավորիչը Խոր Վիրապի՝ օձերով ու կարիճներով լի բանտում, ոչ ոք այնքան մենակ ու լքված չի եղել, որքան Լուսավորիչը Խոր Վիրապի մենության ու մթության մեջ։


Սակայն խորվիրապյան մթամած գբում մեր հավատի հայրը միայնակ չէր, այլ աստվածային ներկայությունը զորացնում և հուսադրում է իրեն։


Տեսեք, թե ինչպես է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, նախքան չարչարանքներն ու բանտարկությունը, հավիտենական կյանքի իր աներկբա վստահությունը ձևակերպում` իբրև պատասխան Տրդատ արքայի սպառնալիքներին.


«Մենք երբերք հուսահատ չենք, որովհետև պաշտում ենք Ողջին, ով կարող է կյանք պարգևել մեզ, երբ որ կամենա, որովհետև եթե անգամ մեռնենք, ողջ ենք։ Ինչպես որ Աստծո Որդին մեռավ ու հարություն առավ՝ մեզ կյանքի օրինակ ցույց տալով իր Հարությամբ, այդպես էլ եթե մեռնենք Նրա համար՝ ողջ պիտի լինենք հավիտյան»: (Ագաթանգեղոս, Ե 25-26) :


Աղոթենք առ Աստված, որ մենք բոլորս մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նմանողությամբ կարողանանք զինվել ջերմեռանդ հավատքով և աներկյուղ վստահությամբ` կյանքի հանգամանքներին դեմ հանդիման:

18 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page