«Իսկ դու փրկվա՞ծ ես»։ Այս հարցը հաճախ են տալիս աղանդավորական տարբեր ուղղությունների ներկայացուցիչները, որին մեր հավատացյալները երբեմն դժվարանում են պատասխանել։
Իմ պատասխանն այս հարցին հետևյալն է. «Ես փրկվում եմ Աստծո շնորհով»։ Փրկությունը գործընթաց է։ Ես փրկվել եմ, փրկվում եմ և պիտի փրկվեմ։
✝️ Ես փրկվել եմ շուրջ երկու հազար տարի առաջ, երբ Աստծո Միածին Որդին մարդեղացավ ու զոհաբերվեց մարդկության փրկության համար, խաչափայտի վրա հաղթեց մեղքի ու մահվան զորությանը և իր հրաշափառ Հարությամբ մեզ հավիտենական կյանք պարգևեց։
✝️ Ես փրկվում եմ ամեն օր, երբ հավատով հետևում եմ Հիսուս Քրիստոսին և պահում եմ Նրա պատվիրանները։ Ինձ համար Երկնքի Արքայությունը ոչ միայն կյանքի նպատակակետ է, այլև հանապազօրյա փորձառություն՝ փորձելով ապրել Աստծո ներկայության մեջ՝ Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդությամբ և Աստծո ու մերձավորի նկատմամբ սիրով։
✝️ Ես կփրկվեմ Աստծո ողորմածությամբ վերջին և ահեղ դատաստանի օրը, երբ հաշիվ տամ մի ապրած կյանքի համար։ Իմ միակ հույսը ամենաբարի Աստծո սերն ու անսահման ողորմությունն է և իմ հանապազօրյա աղոթքն է, որ Աստված ինձ դատի ոչ թե արդարությամբ, այլ՝ սիրառատ գթությամբ։ Քանզի ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը» (Ա. Տիմոթեոս 2:4)
Ուրեմն, երբ ասում եմ. «Քրիստոնյա եմ», չեմ աղաղակում, թե «Փրկված եմ», այլ հույսով և հավատով գործում եմ իմ փրկության համար։
Անապատական սրբակենցաղ հայրերից Զոսիմոսի մասին պատմում են, որ երբ նա մահվան մահճում էր, շրջապատված իր աշակերտներով, հանկարծ սկսեց ինչ որ բան մրմնջալ։ Աշակերտները հարցրեցին. «Հա՛յր, ո՞ւմ հետ ես խոսում»։ Նա պատասխանեց. «Հրեշտակների հետ եմ խոսում։ Նրանցից խնդրում եմ մի փոքր ևս ժամանակ՝ ապաշխարելու համար»։ Աշակերտները ընդհատեցին. «Բայց մենք բոլորս գիտենք, որ դու սուրբ ես, Հա՛յր, և կարիք չունես ապաշխարության»։ Իսկ նա պատասխանեց. «Վստահ չեմ, թե անգամ սկսել եմ ապաշխարել»։ Այդ խոսքերից քիչ անց նրա երեսը պայծառացավ. «Տերը եկավ», ասաց նա ու ննջեց՝ անստեղծ լույսի ճառագայթները դեմքին։ Երանի՜ կարողանանք ապրել ու մահանալ Հայր Զոսիմոսի նման։
Comments