Ես վստահեցի Նրան և չպիտի վախենամ
- Bishop Mesrop Parsamyan
- Jul 9, 2020
- 1 min read

Տարիներ առաջ Շվեցարիայի դեղագործական ընկերություններից մեկի բուսաբանները հետազոտություններ էին կատարում անդյան լեռներում՝ փնտրելով նոր դեղաբույսեր։ Հեռադիտակի օգնությամբ նրանք մի հազվագյուտ ծաղիկ են տեսնում, որ աճել էր խորահատակ կիրճի մեջ՝ հսկայական ժայռերի արանքում։ Ծաղիկը քաղելու համար մեկնումեկը պետք է պարանով իջեցվեր ցած։ Բուսաբանները փորձեցին իրենցից ամենակարճահասակին իջեցնել, սակայն վերջինս գեր էր և ծանր։ Այդ ընթացքում 12 տարեկան հետաքրքրասեր մի պատանի դիտում էր՝ մեկուսի կանգնած։ Բուսաբաններից մեկը մոտեցավ նրան և ասաց, որ լավ կվարձատրեն, եթե համաձայնվի իջնել կիրճը և ծաղիկը վեր բերել։ Տղան երկար նայեց կիրճի գլխապտույտ առաջացնող խորությանը և ասաց. «Ես մի քանի րոպեից կվերադառնամ»։ Նա վերադարձավ տարեց մի տղամարդու հետ և մոտենալով բուսաբաններին՝ ասաց. «Ես կիջնեմ կիրճը և ծաղիկը կքաղեմ, սակայն մի պայմանով, որ այս մարդը բռնի պարանը։ Նա իմ հայրն է»։
Իսկ ում ենք մե՞նք վստահում։
«Ահա Աստվածն իմ և փրկիչ Տերն իմ. ես վստահեցի Նրան և չպիտի վախենամ». ասում է Եսայի մարգարեն (12:2)։ Խորախորհուրդ ճշմարտություն կա այս բառերի մեջ։ Եկեղեցու Աստվածաբան հայրերից Հերոնիմոս Երանելին այս հատվածը թարգմանել էր հետևյալ կերպ. «Ահա Աստվածն իմ և Հիսուս Տերն իմ»։ «Հիսուս» անունը եբրայերեն նշանակում է «փրկիչ» և Հերոնիմոսը իր թարգմանության մեջ ցանկացել էր բացահայտել Փրկչի ինքնությունը։ Արդարև, իրական փրկությունը միմիայն Հիսուս Քրիստոսի, Աստծո միածին Որդու մեջ է, և որովհետև Նա է մեր փրկությունը, ապա կարող ենք վստահել Նրան և «չվախենալ»։
Comentarios