Այս մռայլ օրերին, երբ մեր կյանքը փոթորկվում է համավարակի ալեկոծությամբ, տնտեսական և քաղաքական վերահաս ճգնաժամի տագնապներով, երբ շատերը տառապում են ցավերի մեջ և ապահովություն ու խաղաղություն են փնտրում, Ոսկեբերան Հայրապետի զորավոր այս տողերը թող քաջալերեն մեզ և ամրապնդեն մեր հավատքի մեջ Աստծո ամենահաղթ զորությամբ։
«Ջրերը բարձրացան, խենթ փոթորիկներ հառնեցին մեր դիմաց, բայց չենք վախենում խորտակումից, որովհետև ամուր կանգնած ենք ժայռի վրա։ Թող ծովը մոլեգնի, միևնույն է, չի կարող խորտակել ժայռը։ Թող ջրերը բարձրանան, միևնույն է, չեն կարող կործանել Հիսուսի նավակը։
Ինչի՞ց պիտի վախենանք։ Մահի՞ց։ Կյանքն ինձ համար Քրիստոս է, իսկ մեռնելը շահ։ Աքսորի՞ց։ Երկիրն ու իր բարիքները պատկանում են Տիրոջը։ Մեր ունեցվածքի բռնագրավումի՞ց։ Ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչինչ էլ չպիտի տանենք մեզ հետ։ Ես միայն առհամարանք ունեմ այս աշխարհի սպառնալիքների նկատմամբ, իսկ նրա պատիվներն ինձ համար ծիծաղելի են։ Ես չեմ վախենում աղքատությունից և ոչ էլ փափագում եմ հարստության։ Մահվանից չեմ վախենում և ոչ էլ կառչած եմ կյանքին...
Իմ հույսը սեփական ուժերս չեն, այլ Նրա խոստումը. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն»։ (Սղ 22:5)։ Տե՛ր Հիսուս Քրիստոս, Դո՛ւ ես իմ փրկությունը և իմ խաղաղ նավահանգիստը»։
Սբ. Հովհան Ոսկեբերան (Ք.Հ. 349-407)
Թարգմանեց՝ Մեսրոպ Վարդապետ Պարսամյան
תגובות