• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Գեթսեմանիի աղոթքը



Գեթսեմանի պարտեզում մեր Տեր Հիսուս Քրիստոս անասելի տառապանքի մեջ էր՝ քաջ գիտակցելով այն չարչարանքները, որ կրելու էր հաջորդ օրը. ոչ միայն ֆիզիկական, այլև՝ զգացական և հոգևոր, որովհետև իր վրա էր վերցնելու մեր մեղքերի ողջ ծանրությունն ու նախատինքը։


Այդ հոգեվիճակի մեջ, սակայն, Հիսուս աղոթում էր հետևյալ բառերով. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։ (Մարկոս 14:36)

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս աղոթքը լավագույն օրինակն է, թե ինչպես պետք է յուրաքանչյուր քրիստոնյա աղոթի կյանքի ծանր փորձությունների, ցավի ու տառապանքի մեջ։ Այն բաղկացած է հետևյալ երեք մասերից.


ՀԱՎԱՏ - «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է»։ Հիսուս հավատում էր և գիտեր, որ Աստված իր գորովագութ և ամենազոր Հայրն է, և Նրա համար չկա ոչինչ անհնար։ Ինչպիսի հոգեվիճակում և իրավիճակում էլ որ լինենք, նախ պետք է աղոթենք հավատով՝ ասելով. «Հայր երկնավոր, հավատում եմ և գիտեմ, որ Դու ամենազոր ես, Քեզ համար ամեն ինչ հնարավոր է և Դու կարող ես փոխել իմ այս իրականությունը»։


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ - Հավատի վստահությունից բխում է օգնություն խնդրանքը. «Այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից»։ Մենք ևս պետք է աղոթենք՝ ասելով. «Աստված իմ, խնդրում եմ քո օգնությունը։ Ցավի ու տառապանքի մեջ եմ հիմա և հայցում եմ քո հրաշքը։ Գիտեմ, որ Դու իշխանություն ունես փոխելու ամենաանհույս իրավիճակն անգամ և այժմ, խնդրում եմ Քեզ, հեռացրու այս ծանր փորձությունն ինձանից»։


ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ - «բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։ Աստծո կամքին հնազանդությունը լրումն է քրիստոսատիպ աղոթքի և նպատակը մեր ողջ կյանքի։ Մեր աղոթքը պետք է լինի Հիսուսի աղոթքի նման՝ հնազանդության ոգով . «Հայր, թեև խնդրում եմ, որպեսզի այս փորձությունը հեռացնես, բայց ոչ թե իմ կամքը, այլ Քոնը թող լինի: Ես ամբողջապես հնազանդվում եմ Քո կամքին»։


Սիրելիներ, մեր հայրենիքի համար այս դժվարին օրերին աղոթենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի օրինակով՝ այն աներկբա հավատով, որ Աստված մեր գորովագութ և ամենազոր Հայրն է և կարող է շրջել ցանկացած անհույս իրավիճակ և հաղթանակ պարգևել մեզ։ Խնդրենք Նրա օգնականությունը և զորությունը թշնամիների դեմ պատերազմում և վստահենք Նրա Սուրբ Կամքին, որը բարի է և կենարար։


Քանզի նման աղոթողի մասին, Տերն Ինքը խոստացավ՝ ասելով. «Ինձ կաղոթի, և ես կլսեմ նրան ու նրա հետ կլինեմ նեղության պահին. կփրկեմ և կփառավորեմ նրան, բազում օրերով կլիացնեմ նրան և ցույց կտամ նրան իմ փրկությունը» (Սաղմոս 90:15-16).ԱՄԵՆ

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.