• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Գալստյան Կիրակի



Սիրելիներ, այսօր Մեծ Պահքի վեցերորդ՝ «Գալստյան Կիրակին» է, երբ հիշատակում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս առաջին և երկրորդ գալուստները։


Բոլոր հավատացյալների անունից, ովքեր հազարամյակներ շարունակ հայացքները բարձրացնում են երկինք և ակնդետ սպասում Աստծո հայտնությանը, Եսայի մարգարեն բացականչում է. «Երանի՜ երկինքը ճեղքեիր և ցած իջնեիր» (Եսայի 64:1):


Մարդկության այս փափագը կատարվեց Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղության ժամանակ: Երկինքը պատռվեց, երբ Աստծո Միածին Որդին մարմնացավ, ծնվեց Բեթղեհեմյան մսուրում, և մարդիկ դասակից եղան հրեշտակներին՝ երգելով. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ» (Ղուկաս 2.14)։


Սակայն Նա, ով Բեթղեհեմի գիշերային լռության մեջ պատռեց երկինքը և աշխարհ եկավ, խոստացավ, որ կրկին պիտի հայտնվի աշխարհի վերջին օրը՝ դատելու ողջերին և մահացածներին (Մատթեոս 24.36-44):


Առաջին գալստյան ժամանակ Տեր Հիսուս խոնարհվեց մսուրի մեջ և հանձն առավ խաչելության անարգ մահը, բայց Նա կրկին պիտի վերադառնա, և այս անգամ արդեն, ահեղ զորությամբ և մեծ փառքով: Մենք գտնվում ենք այս երկու գալուստների միջև. ապրում ենք Առաջին Գալստյան ուրախությամբ և ակնդետ սպասում ենք Երկրորդ Գալստյանը։


Ինչպես Հին Կտակարանի մարգարեներն ու ժողովուրդն էին ակնդետ սպասում Մեսսիայի գալուստին, այնպես էլ մենք՝ Նոր Կտակարանի ժողովուրդը, սպասում ենք Մեսսիայի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին։


Երբեմն մեր առօրյա խնդիրների և հոգսերի համատեքստում այդ օրը հեռու է թվում, և այսու, անտեսում ենք այդ սպասման կարևորությունը: Սակայն յուրաքանչյուր քրիստոնյա պետք է խորհրդածի Վերջին Դատաստանի մասին և ապրի Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալստյան սպասումով, որովհետև հենց այդ սպասման և դրա հետ կապված հույսի միջոցով է Աստված վերափոխում մեր կյանքը: Այն զղջման և ապաշխարության լավագույն միջոցն է մեղավորների համար, իսկ արդարների համար՝ մխիթարության աղբյուր։


Առաջին դարի քրիստոնյաներն ապրում էին այդ սպասման մեջ: «Մարանաթա» բառը տևապես նրանց շուրթերին էր։ Այն արամերենից թարգմանաբար նշանակում է «Ե՛կ, Տէ՛ր»։ Աստվածաշունչ Սուրբ Գիրքն ավարտվում է այս բառով. «Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս» (Հայտնություն 22.20)։ Մարանաթան վաղ շրջանի քրիստոնյաների համար ավելին էր քան պարզ ցանկությունը, ավելին՝ քան աղոթքը։ Այն կենսակերպ էր, որով առաքելական քրիստոնյաներն ապրում էին իրենց հավատքը՝ ակնկալելով և կարոտով սպասելով Տիրոջ վերադարձին. «Եվ ակնդետ սպասում ենք երանելի հույսին եւ փառքի հայտնությանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի» (Տիտոսին 2.13)։


Նորվեգիայի հյուսիսում մի փոքրիկ գյուղաքաղաք կա, որտեղ ամեն տարի հունվարի 18-ին մարդիկ, ամիսներ տևող բևեռային գիշերներից հետո, բարձրանում են բարձր մի բլրի վրա՝ տեսնելու արևածագը։ Այդ օրը արևի թույլ շողերն են նկատվում միայն հորիզոնում։ Սակայն մարդիկ ուրախ են և հուսառատ, որովհետև գիտեն, որ գալիք օրերին արևը պիտի ծագի ու ճառագի իր ողջ զորությամբ։


Մեր խավար և մռայլ իրականության մեջ ևս, եթե բարձրանանք հավատի բարձր լեռան վրա, ապա պիտի տեսնենք արևի շողերով պայծառացած հորիզոնը։ Սակայն Արդարության Արեգակը՝ Տեր Հիսուս Քրիստոս, շուտով պիտի ճառագի իր ողջ զորությամբ և ազդարարի նոր ու լուսավոր օրվա այգաբացը։ Այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի (Մատթեոս 24.36), բայց կարող ենք առաքյալի հետ վստահորեն ասել. «Համբերե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտ է» (Հակոբոս 5.8)։


Մարանաթա։ «Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս»:

232 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.