• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Բրուտի Կավը



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 33-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Եսայու մարգարեության գրքից է (45.1-13):


«Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ որպես մի լավ բան»։ Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ» (Եսայի 45.8-9)։


Կավագործի և կավի պատկերները հաճախ են հանդիպում Աստվածաշնչում։ Ծննդոց գրքում կարդում ենք. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից» (Ծննդոց 2.7)։ Աստված Ադամին ստեղծեց երկրի կավից և նրա դեմքին կենդանության շունչ փչեց և նա եղավ կենդանի էակ։


Կավագործի և կավի պատկերավոր համեմատությունը հիշեցնում է մեզ, որ մեր կյանքն Աստծո ձեռքում է։ Աստված Վարպետ Կավագործն է, մեր Արարիչը, մենք կավն ենք Նրա ձեռքերի մեջ, իսկ բրուտանիվը՝ մեր կյանքը։ Նա կոփում է մեզ և ձևավորում՝ դարձնելու «պատվական անոթ՝ սրբագործված և պիտանի Տիրոջը, պատրաստված ամեն բարի գործի համար» (Բ. Տիմոթեոսին 2.19)։


Կյանքի հանգամանքներն ու իրադարձությունները կարծես Աստծո ձեռքերն ու մատները լինեն, որոնք ձև են հաղորդում մեր կյանքին, ինչպես կավագործը՝ կավին։ Աստված հմուտ կավագործի նման գիտի թե ինչ ճնշում գործադրի և ինչքան, երբ թուլացնի իր բռունցքը, ինչպես գծագրի մեր կյանքի ամենատարբեր հարթություններն Իր մատներով, ինչպես սեղմի և հարթեցնի այն, որպեսզի ձևավորի մեզ՝ որպես պատվական անոթներ իր գործածության համար։


Երբեմն էլ Վարպետ Կավագործը մեզ անցկացնում է հնոցի միջով, որտեղ կյանքի կրակը թրծում է մեզ՝ դարձնելով ամուր և ջրակայուն անոթներ։ Աստված թույլ է տալիս, որ դժվարությունների և նեղությունների միջով անցնենք, որպեսզի դրանց միջոցով հասունանանք, զարգանանք, ամրանանք և կերպարանակից լինենք Քրիստոսի պատկերին։


Հնոցի միջով անցնելիս՝ մի՛ վախեցեք և մի՛ հուսահատվեք, որովհետև «ամեն ինչ բարի է լինում է նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք և կանչվեցին նրա նախասահմանումով, որովհետև նրանց, որ առաջուց գիտեր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին» (Հռոմեացիներին 8.28-29)։

Ուրեմն, ընդունենք և հնազանդվենք Աստծո զորությանն ու նախախնամությանը, մասնակից դառնանք Նրա աստվածային ծրագրին և համբերատարությամբ ու կատարյալ հնազանդությամբ թույլ տանք, որպեսզի Աստված իր գործն ավարտին հասցնի՝ դարձնելով մեզ պատվական անոթներ՝ սրբագործված և պիտանի Տիրոջը։

13 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube