«Բայց Աստված», այս պարզ բառակապակցությունը, արդարև, Ավետարան է Ավետարանի մեջ։ Համայն մարդկությունը դատապարտված էր մահվան, շղթայված և բանտարկված մեղքի զնդանում, «բայց Աստված» մեզ հետ էր և այնքան սիրեց մեզ, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ազատագրի մեզ մեղքի գերությունից և հավիտենական կյանք պարգևի։
«Բայց Աստված» բառակապակցությունը հաճախակի է հանդիպում Աստվածաշնչի մեջ։ Ահա՛ մի քանի օրինակ. «Բայց Աստված ողորմեց» (Փիլիպ. 2:27), «բայց Աստված հավատարիմ է» (Ա Կորնթ. 10:13), «բայց Աստված աճեցրեց» (Ա Կորնթ. 3:6), «բայց Աստված մեռելներից հարություն տվեց նրան» (Գործք 13:30)։
Նոր Կտակարանի Գործ Առաքելոց գրքում կարդում ենք, որ Սուրբ Ստեփանոս նախավկան իր նահատակությունից վայրկյաններ առաջ քաջալերում էր իր քրիստոնյա եղբայներին ու քույրերին Հովսեփ նահապետի օրինակով՝ ասելով. «Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին՝ Եգիպտոս տանելու համար։ Բայց Աստված նրա հետ էր ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից» (Գործք 7:9-10)։
«Բայց Աստված», արդարև, սրանից ավելի զորավոր բառակապակցություն չկա Աստվածաշնչում, ինչպես նաև մեր կյանքում։ Այս երկու բառերը կյանքի ճամփորդության մեջ զորացնում են մեզ՝ հաղթահարելու ամենաբարձր լեռնագագաթները, նավարկելու մոլգենող փոթորիկների միջով և քաջաբար քայլելու մռայլ ու մթին հովիտներով։ Եվ այս ամենն անում ենք այն հավատով և վստահությամբ, որ Ամենազոր Աստված մեզ հետ է ու մեզ կազատի մեր բոլոր նեղություններից։
Comments