• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Արքայական Սուրբ Ընտանիք


Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, նրա տիկին Աշխեն Թագուհու և արքայադուստր Խոսրովիդուխտի հիշատակը:

Քաջազոր ու բարեհաղթ Սուրբ Տրդատ Գ թագավորը Արշակունի տոհմից Խոսրով Ա-ի որդին էր, որին դավադրաբար սպանել էր Սբ. Գրիգոր Լուսավորչի հայրը` Անակ Պարթև իշխանը, Պարսից թագավորի սադրանքով: Պարսից թագավորը միջամտեց Հայաստանի գործերին, որպեսզի բնաջնջի հայկական թագավորական սերունդը և տիրի համայն Հայաստան աշխարհին:

Կոտորածից ազատվեցին միայն արքայորդի Տրդատը և նրա քույր` Խոսրովիդուխտը:

Հայոց նախարար Արտավազդ Մանդակունին, մտահոգվելով արքայորդու կյանքի համար, մանուկ Տրդատին փախցնում է Կապադովկիայի Կեսարիա քաղաք: Իսկ քրոջը՝ Խոսրովիդուխտին, ազատում է Օտա Ամատունին, և տանում Անի ամրոցը:

Որոշ ժամանակ Կեսարիա մնալուց հետո` Արտավազդը Տրդատին տանում է Հռոմ: Այստեղ նա կրթվում է հռոմեական արքունիքում՝ Լիկինիոսի մոտ, ով 313թ-ից դարձավ Հռոմեական արևելյան կայսրության տիրակալը:

Տրդատը սովորում է լատիներեն, հունարեն և պատերազմներում աչքի ընկում իր աննկարագրելի ուժով: Տրդատը հզոր և անպարտելի էր: Հմուտ էր զինավարժության մեջ և առաջադեմ ամեն ուղղությամբ: Գազանամարտի մեջ մտնելով` հաճախ գազանների եղջյուրները մեկ ձեռքով կարողանում էր պոկել:

Տրդատի քաջության հռչակը հասել էր Դիոկղետիանոս Դաղմատացի կայսրին: Դիոկղետիանոսը, վախենալով մենամարտել Հռչէ Գոթացի հսկայի հետ, և լսած լինելով Տրդատի մեծագործությունների մասին` նրան հագցրեց իր կայսրական զգեստները և հանեց մենամարտի՝ ընդդեմ Հռչէի: Քաջ Տրդատը պարտության մատնեց Հռչէ գոթացի հսկային և բերեց Դիոկղետիանոս կայսրի մոտ: Կայսրը մեծ պատիվներով պատվեց Տրդատին և նրան թագավոր պսակելով իր բնիկ աշխարհին՝ կայսերական գնդով Հայաստան ուղարկեց:

274թ-ին կայսեր կողմից Տրդատը նշանակվեց հռոմեական կայսրությանը ենթակա հայոց երկրամասի թագավոր, իսկ 287թ-ին՝ Դիոկղետիանոսի կողմից ճանաչվեց ամբողջ Հայաստանի թագավոր:

Շուրջ տասը տարի պայքարելով պարսիկների դեմ՝ Տրդատն ի վերջո նրանց ստիպեց հրաժարվել Հայաստանում պարսկական տիրապետությունից և ճանաչել իրեն՝ իբրև հայոց թագավոր՝ Տրդատ Գ:

Տրդատը, լինելով իր հայրենական հեթանոսական աստվածների մոլի սիրահար, գահակալության առաջին տարիներին հալածում էր քրիստոնյաներին Հայաստանում: Եվ այս պատճառով էլ չարչարում է Սուրբ Գրիգոր Լուսավորչին: Նա հրաման է տալիս 13 տարի փակել Գրիգորին Արտաշատի բանտի Խոր Վիրապում:

Հռիփսիմյանց կույսերին նահատակելուց հետո հայոց արքան և արքունիքի այլ անդամներ դիվահարվում են և ոչ ոք չի կարողանում նրանց բժշկել: Այս անմխիթար աղետների մեջ Տերն այցելում է Իր ողորմությամբ: Խոսրովիդուխտ արքայաքույրը երազում հրաման է ստանում Սբ. Գրիգորին հանել Արտաշատի բանտի Խոր Վիրապից, քանի որ, ըստ այդ երազի, միայն Գրիգորը կարող էր բժշկել արքային: Սբ. Գրիգորին վիրապից հանելուց հետո, նա 65 օր շարունակ քարոզում է քրիստոնեությունը՝ պահքով ու աղոթքով, բժշկում հայոց արքային և արքունիքի անդամներին:

Տրդատ արքան դարձի է գալիս և ապաշխարում: Նա Սբ. Գրիգորի ձեռքով մկրտվում է Արածանի գետի ջրերում: Սբ. Տրդատը իր ձեռքերով Մասիս լեռից մեծ քարեր է բերում՝ իր հրամանով սպանված Սբ. Հռիփսիմյանց կույսերի վկայարանները և Մայր Տաճարը կառուցելու համար և անձամբ մասնակցում դրանց կառուցմանը: Հայոց Տրդատ արքան հավատ ու քաջություն է ունենում հռոմեական կայսրությունում դեռ հալածվող քրիստոնեությունը հռչակելու որպես իր երկրի պետական կրոն՝ դառնալով առաջին Քրիստոնյա Պետության թագավորը։

Երբ հայոց հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը ճգնության համար վերջնականապես հեռացավ լեռները, Տրդատ Մեծը, փափագելով ընթանալ նրա ճանապարհով և հոգնելով պայքարել տակավին հեթանոս մնացած ըմբոստ իշխանների դեմ, նույնպես հեռացավ Մանյա այրք:

«Մեր լուսավորության երկրորդ հայրը», ինչպես նրան կոչում է ս. Մովսես Խորենացին, թագավորեց 56 տարի և մահացավ՝ թունավորվելով թշնամի նախարարների ձեռքով, որոնք հետո կեղծավորությամբ մեծ պատվով ու արծաթապատ դագաղով հողին հանձնեցին նրա աճյունը Թորդան գյուղում:

Աշխեն թագուհին առանձնացավ Գառնու ամրոցի ճգնարանում, իսկ Խոսրովիդուխտը, որն իրավամբ համարվում է ողջ Հայաստանի կույսերի մայրը, նույնպես միայնացավ Գառնիում, որտեղ և բարեպաշտությամբ ավարտեց իր կյանքը:

Շարական աղոթական

Տիեզերական իշխանությամբ ընդունեցիք պարծանքի պսակը Քրիստոսից, ո՜վ բոլորի համար երանելիներ Տրդատ Մեծ թագավոր, Աշխեն Մեծ թագուհի և արքայադուստր Խոսրովիդուխտ, բարեխոսեցե՛ք մեզ համար երկնավոր Թագավորին։

Որ ձեր սուրբ աղոթքով հեռու վանեցիք թշնամուն, ոտնակոխ անելով սատանային՝ երկնայինների հետ դասվեցիք, Տրդատ Մեծ թագավոր, Աշխեն Մեծ թագուհի և արքայադուստր Խոսրովիդուխտ, բարեխոս եղեք մեզ համար երկնավոր Թագավորի մոտ։

Ուստի և մենք՝ հավատացյալներս, տոնում ենք ձեր հիշատակը՝ օրհնաբանելով ձեզ պսակողին*, Տրդատ Մեծ թագավոր, Աշխեն Մեծ թագուհի և արքայադուստր Խոսրովիդուխտ, բարեխոս եղեք մեզ համար երկնավոր Թագավորի մոտ։

* Ա Թեսաղոնիկեցիս 2:19

* Հակոբոս 1:2

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.