top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Արտաքսման Կիրակի



Սիրելիներ, այսօր Մեծ Պահքի երկրորդ կիրակին է, որը կոչվում է «Արտաքսման Կիրակի»։ Այն հիշատակությունն է մեղքի պատճառով Ադամի և Եվայի՝ դրախտից արտաքսվելու։


Շատերը կարծում են, որ Աստված Ադամին և Եվային վտարեց Դրախտից միայն նրա համար, որ կերան արգելված պտղից։ Այո՛, նրանք չպահեցին Աստծո պատվիրանը և անհնազանդ գտնվեցին, սակայն դա պատճառներից մեկն էր միայն։ Իսկ ամենակարևոր պատճառն այն էր, որ նրանք չընդունեցին իրենց մեղքը և պատասխանատվություն չստանձնեցին։


Սուրբ Գիրքը պատմում է, թե ինչպես մեղսագործությունից հետո Աստված հարցրեց Ադամին. «Արդյոք կերա՞ր այն ծառից, միայն որի՛ց պատվիրել էի քեզ չուտել» (Ծննդոց 3.11)։ Ամենատես և ամենագետ Աստված, անշուշտ, գիտեր, թե խախտել էին Իր պատվիրանը, սակայն այս հարցադրումի միջոցով նրանց հնարավորություն էր տալիս զղջալու և խոստովանելու իրենց մեղքը։ Իսկ Ադամի և Եվայի պատասխանը ոչ թե զղջումն էր, այլ՝ մեղադրանքը։ Նրանք մեղադրեցին օձին, միմյանց և անգամ Աստծուն։ Ադամն ասաց. «Կինը, որին ինձ ընկեր տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառից, և կերա», իսկ Եվան էլ, թե «Օձը խաբեց ինձ, և կերա» (Ծննդոց 3.12-13)։

Այսօր էլ, մեղք գործելուց հետո, մենք միշտ մեղավորներ ենք փնտրում։ Չենք ուզում խոստովանել, որ մե՛նք ենք մեղավոր, մե՛նք ենք պատասխանատուն։ Միշտ ուրիշների վրա ենք բարդում մեղքը և դրա համար էլ ներում չենք գտնում Աստծուց։

Արդարև, Արտաքսման Կիրակին Աստծո բարկության և պատժի պատմությունն է, ով վտարում է իր զավակներին դրախտից։ Սակայն այս պատմությունը նաև, և հատկապես, սիրառատ Աստծո մասին է, ով անում է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի իր զավակներին։


Անշուշտ, Աստված բարկացած էր մեղքի վրա, բայց երբ ուշադիր ընթերցեք Ծննդոց Գրքի այս պատումը և կտեսնեք, որ Աստված ուղղակիորեն չանիծեց Ադամին կամ Եվային։ Նա անիծեց օձին և անիծեց հողը, իսկ նրանց անմիջականորեն չանիծեց։ Աստված պարզապես բացատրեց, թե մեղքն ինչ հետևանք պիտի ունենար նրանց կյանքում։ Աստված ասաց, որ կյանքն այդուհետ դժվար պիտի լիներ նրանց համար։ Ճաշակելով մեղքի դառնությունը և զգալով ամոթի խայթոցը, ամեն բան այդ փորձառությամբ էր շղարշված լինելու։

Աստված գիտեր նաև, որ եթե ուտեին Կենաց Ծառի պտղից, պիտի ապրեին հավիտյան ամոթի և մեղքի մեջ։ Չցանկալով, որ իր պատկերով և նմանությամբ ստեղծված մարդ արարածը նման հավիտենական դժբախտության արժանանա՝ Աստված փակեց նրանց ճանապարհը դեպի դրախտ, դեպի կենաց ծառը։

Այսուամենայնիվ, Աստված, որ կատարյալ սիրով է սիրում իր արարածներին, նրանց միայնակ չթողեց, այլ նախախնամորեն պատրաստեց վերադարձի ճանապարհը դեպի դրախտային կյանք։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ Նա լայն բաց արեց առանց մեղքի և առանց ամոթի ապրելու ճանապարհը մեր առաջ։ Աստված հնարավորություն պարգևեց ապաշխարությամբ սկսելու ճամփորդությունը դեպի Եդեմական Պարտեզ, դեպի կենդանի Հաղորդությունը մեր Արարչի հետ։


Ուրեմն, «նախահոր տրտմության հետ, որ կենաց դրախտից վտարվելու պատճառով էր, մենք ևս ընդունենք ապաշխարության տրտմությունը, որպեսզի Քրիստոսի Հարությամբ արժանանանք մտնելու Եկեղեցու Դրախտը» (Հարց երկրորդ կիւրակէին Աղուհացից)։

142 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
bottom of page