
«Հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք. քանի որ փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ որ մենք հավատացինք։ Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ. ուրեմն դե՛ն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը. շարժվենք առաքինությամբ, ինչպես ցերեկով»։ (Հռոմեացիս 13:11-13) Հոգևոր առումով «բոլորս խոր քնի մեջ ենք և ճշմարտությունը երազ է թվում մեզ», գրում է Ս. Եղիշեն։ Իսկ Ս. Պողոս առաքյալն ասում է, որ հիմա ճիշտ ժամն է, որ քնից զարթնենք. գիշերն անցավ և ցերեկը մոտեցավ։ Եվ երբ արթնանում ենք առավոտյան, հագնում ենք մեր զգեստները և կրում ողջ օրը։ Դրանք ծածկում են մեր մերկությունը, ներկայանալի են դարձնում մեզ, իսկ ձմռանը՝ նաև ջերմացնում։ Սա է հագուստի նպատակը։ Առաքյալն այդօրինակ հորդորում է, որ առավոտյան արթնանալիս հագնենք Լույսի զրահը։ Այն դարձնենք մեր առօրյայի մի մասը։ Այն մեզ հետ թող լինի և ճառագի մեր գործերի միջից ինչ էլ որ անենք և որտեղ էլ որ գնանք։ Ապավինենք Լույսին և ապրենք մեր կյանքը Լույսի մեջ՝ առաքինություններով զարդարված օրը ցերեկով։
Comments