• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Ավագ Ուրբաթ



Այսօր Ավագ Ուրբաթ է, Աստծո միածին Որդին և մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս չարչարվում, խաչվում և մահանում է մեզ համար, մեր փրկության համար։

Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունն Աստծո անսահման սիրո մեծագույն խորհուրդն է։ Աստծո անսահման սերը մեր նկատմամբ լոկ բառ չէ, այլ՝ իր միածին Որդու զոհաբերությունը հանուն մեր փրկության։ Ավետարանիչն ասում է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհաննես 3.16)։


Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղացմամբ Աստծո Խոսքը մարմին առավ, իսկ Նրա խաչելությամբ մարմնացավ Աստծո սերը։ Երբ սիրում ես ապա անխուսափելիորեն զոհողություններ ես կատարում՝ մեծ կամ փոքր։ Առանց այդ զոհողությունների սերը լոկ բառ է կամ՝ վերացական գաղափար։ Երբեմն ավելի դյուրին է սեփական անձը զոհել, քան զոհել մեկին, որին սիրում ես ամեն բանից առավել։ Սա ծնողները ավելի լավ են հասկանում։ Եվ սա այն է, որ մեր երկնավոր Հայրը մեզ համար արեց։


Կյանքում ավելի գեղեցիկ և հրաշալի բան չկա, քան սիրել և լինել սիրված։ Իսկ երբ գիտակցում ես, որ Աստված սիրում է քեզ Իր միածին Որդու Հիսուս Քրիստոսի կյանքի և մահվան գնով, այդժամ պատրաստ ես սիրելու Աստծուն և մեր մերձավորին, եթե անհրաժեշտ է անգամ քո կյանքի գնով։


Սուրբերից մեկն ասում էր. «Ամեն անգամ երբ կանգնում եմ Տիրոջ խաչելության պատկերի առաջ, լսում եմ Աստծո սիրառատ և քաղցր ձայնը. «Ահա՛ ես իմ Միածին Որդուն տալիս եմ քեզ, զոհաբերում եմ քո փրկության համար»։ Եվ անմիջապես անդրադառնում եմ, «Իսկ ես ի՞նչ եմ պատրաստ տալու այդ անսահման սիրո դիմաց, ո՞րն է իմ պատասխանը այդ թանկագին զոհաբերությանը»։


Սիրելինե՛ր, Աստված մեզանից մեծամեծ գործեր և զոհողություններ չի ակնկալում։ Նա ցանկանում է և պատվիրում, որ մեր սրտերը լցված լինեն Իր և մեր մերձավորի նկատմամբ սիրով։ «Սիրենք Աստծուն, որովհետև նախ նա՛ սիրեց մեզ», և «եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց … եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կբնակվի, և նրա սերը մեր մեջ կատարյալ կդառնա» (Ա Հովհաննես 4.11-12, 19):

11 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.