top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստված մեր ապավենն է



Շուշիում, Ստեփանակերտում, և Արցախի այլ քաղաքներում, երբ հնչում է օդային ազդանշանը, խաղաղ բնակիչները շտապում են ապաստարաններ՝ թշնամու հրետակոծությունից պատսպարվելու համար։ Ապաստարանը պաշտպանում է նրանց հորդ անձրևի պես տեղացող արկերից՝ ապահով և անվտանգ լինելու զգացում հաղորդելով։


Այսօր կածես նաև վշտի, հուսահատության և վախի արկերն են առատ անձրևի նման թափվում մեզ վրա։ Օդային ազդանշանի նման հնչում է Աստծո Խոսքը՝ շտապելու դեպի Աստված, ով մեր ապավենն ու զորությունն է կյանքի բոլոր անսպասելի և ծանր պահերին։


Սաղմոսերգուն հռչակում է. «Աստված մեր ապավենն է և զորությունը և օգնականը խիստ նեղությունների մեջ։ Դրա համար չենք վախենա, երբ երկիրը խռովվի, և լեռները դեպի ծովի խորքը փոխվեն»։ (Սաղմոս 45:2-3)


Եթե մարդկանց կողմից կառուցված ապաստարանները երբեմն խոցելի են, ապա Աստծո պահպանությունը կատարյալ է։ Նա Արարիչն է տիեզերքի, ով «իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը» (Եբր. 1:3) Եթե ապրում ենք Նրա ներկայության մեջ, ապա հուսահատ պահերին կարիքը չունենք հեռու գնալու՝ վստահելի ապաստան գտնելու համար։ Մենք այդ ապաստանն ունենք Հիսուս Քրիստոսով ամեն պահ և ամենուրեք։


Նա ոչ միայն մեր ապավենն է, այլև՝ մեր զորությունը։ Նա պիտի ազատի մեզ չարից և կամ պիտի զորացնի՝ պատերազմելու թշնամու դեմ և հաղթանակելու։ Նա մեզ պիտի ազատի մահվանից և կամ մահվան միջոցով մեզ հավիտենական ազատություն պիտի պարգևի։ Պարզապես վստահենք ու ապավինենք Նրան մեր կյանքի ամենածանր փորձությունների մեջ և գիտակցենք, որ երբեք միայնակ ու լքված չենք։

Երբ կյանքի վտանգների և խիստ նեղությունների մեջ անպաշտպան լինելու զգացումն ենք ունենում, հիշենք, որ զորությունների Տերը մեր ապաստանն ու ապավենն է։ Երբ մեր ուժերը տեղի են տալիս և զգում ենք մեր մարդկային տկարությունը, մտաբերենք, որ Աստված է մեր զորությունը։ Եվ երբ անօգնական և միայնակ ենք զգում, հիշենք, որ Նա է մեր օգնությունը խիստ նեղությունների մեջ. «Դրա համար չենք վախենա, երբ երկիրը խռովվի, և լեռները դեպի ծովի խորքը փոխվեն»։ (Սաղմոս 45:3)


Այս հուսառատ սաղմոսն ավարտվում է հրահանգով. «Հանդարտվե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված»։ Արդարև, պատերազմի և համավարակի այս անորոշ օրերին մի կողմ թողնենք թերահավատությունից առաջացած ավելորդ խուճապն ու վախը, և մեր հայացքն ուղղենք մեր ապավեն Աստծուն, որի մեջ կարող ենք կատարյալ խաղաղություն և հանդարտություն գտնել։ Գիտակցենք ու իմանանք, որ Նա է Աստված և Նրանով զորացած ազգովին համախումբ պիտի հաղթենք այս պատերազմը և հաղթահարենք համավարակը և ցանկացած փորձություն։

34 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page