• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Աստված հոգում է ձեր մասին



«Ոչ ոքի հոգը չի, թե ես ինչ եմ զգում, ինչ եմ մտածում կամ ինչ եմ ուզում»։


Բոլորս լսել ենք այս բառերը, բարձրաձայնել ենք այն կամ առնվազն մտածել ինքներս մեզ։ Պահեր կան, երբ թվում է, թե ոչ մեկի հոգն էլ չի։ Այդ պահերին է, որ վրդովվում ենք, հուսալքվում և միայնակ զգում, որովհետև կյանքի խնդիրներն ու մարտահրավերներն իրական են և բոլորս էլ առերեսվում ենք դրանց մեր առօրյայի մեջ։


Մենք չենք կարող մի կողմ նետել մեր նեղությունները, չենք կարող փախչել մեր խնդիրներից կամ ձևացնել, թե դրանք գոյություն չունեն, սակայն կարող ենք ձերբազատվել դրանցից առաջացած մտատանջությունից, որը խաթարում է մեր հոգու խաղաղությունը և փոթորկում մեր միտքը։ Սա անելու համար պարզապես պետք է դառնալ դեպի Աստված աղոթքով։

«Խոնարհվեցե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեցեք, որովհետև նա է, որ հոգում է ձեր մասին»։ (Ա.Պտ 5:6,7)

Եթե մարդկանց հոգը չէ, ապա Աստծո հոգն է։ Նա հոգում է մեր կյանքի մասին։ Նա գիտի մեր մտահոգությունները, վախերն ու ցավերը։ Նա հորդորում է մեզ, իր վրա գցել մեր հոգսերը։ Աստված չի ցանկանում, որ մենք դրանք միայնակ տանենք։ Նա գիտի, որ դրանք չափից շատ ծանր են մեզ համար։

Կատարյալ հանգստություն և խաղաղություն կարող ենք գտնել Աստծո մեջ, երբ խոնարհվենք Նրա հզոր ձեռքի տակ, Նրան հանձնենք մեր մտահոգությունները հավատքով ու նրա վրա գցենք մեր հոգսերն աղոթքով։ Այդժամ կհանդարտվենք և կխաղաղվենք՝ վստահելով Աստծո հայրական սիրուն և խնամքին, որը մարնացավ մեր Տեր Հիսուս Քրիստոս անձի մեջ։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.