top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստծո Խոսքը



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 29-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը եբրայեցիներին ուղղված Ս. Պողոս Առաքյալի նամակից է (1.1-14):


«Աստված բազում ձևերով և բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում» (Եբր. 1.1-3)։


Երբ հեռու ենք գտնվում մեր ընտանիքներից և սիրելիներից, ամեն կերպ փորձում ենք նրանց հետ կապի մեջ լինել: Այսօր այդ անում ենք հեռախոսով, տեքստային հաղորդագրությամբ, էլ. փոստով, տեսակապով, սոցիալական ցանցերի միջոցով, երբեմն էլ հին ձևով՝ ձեռագիր նամակներ ու բացիկներ ուղարկելով:


Մարդու՝ Եդեմական Դրախտից արտաքսումից հետո, Աստված ևս ամեն կերպ փափագում էր կապի մեջ լինել Իր արարածների հետ։ Այդ հաղորդակցության մասին կարդում ենք Աստվածաշունչ Սուրբ Գրքում: Հին Կտակարանում Աստված խոսում էր մարգարեների միջոցով, իսկ արդեն Նոր Կտակարանում Աստծո Խոսքը մարմնացավ Հիսուս Քրիստոսի անձի մեջ (Հովհ. 1: 1-5, 9-14)։


Մարգարեները Աստծո պատգամաբերներն էին, իսկ Հիսուս Քրիստոս Աստծո Միածին Որդին է: Մարգարեները մասնակի հասու եղան Աստծո Խոսքին, իսկ Տեր Հիսուս Աստծո կատարյալ Խոսքն է, «որի միջոցով Աստված ստեղծեց տիեզերքը։ Նա, որ ճառագումն է Աստծո փառքի և արտահայտումը նրա էության, որ իր Խոսքի զորությամբ պահում է տիեզերքը» (Եբր. 1.2-3):


Արդարև, Աստծո Խոսք պարզ ձայնային արտահայտություն չէ։ Այն անձնավորություն է: Տեր Հիսուս Քրիստոս երբևէ արտասանված ամենահզոր Խոսքն է, որ կարող ենք լսել և ընդունել մեր սրտերի մեջ։ Այսօր էլ Աստված բազմաթիվ ձևերով և օրինակներով շարունակում է խոսել մեզ Տեր Հիսուսի Քրիստոսի հետ հաղորդության միջոցով և Իր Սուրբ Հոգու զորությամբ:


Ուրեմն, երբ կարդում ենք Աստվածաշունչ Սուրբ Գիրքը, անդրադառնանք, որ Աստված է խոսում մեզ հետ իր Միածին Որդու միջոցով և Իր Սուրբ Հոգու զորությամբ։ Երբ հաղորդվում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնին և արյանը, գիտակցենք, որ Աստծո կենարար Խոսքն ենք ընդունում մեր սրտերի ու հոգիների մեջ, որպեսզի ապրենք Աստծո հավիտենական ներկայության մեջ։

239 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page