
1994 թվականի հուլիսի 3-ին, երբ ադրբեջանցիները անակնկալ հարձակվել էին Դարանակ գյուղի մերձակա դիրքերի վրա և գրավել բարձունքը, զորամասի հրամանատարի տեղակալ Արա Սարգսյանի գլխավորությամբ 7 հոգանոց հետախուզական խումբը թափանցեց թշնամու թիկունք։ Ադրբեջանցիները նկատելով նրանց՝ սկսեցին հետապնդել։ Արա Սարգսյանը խորացավ թշնամու տարածքում ու սկսեց դիմահար կրակով դանդաղեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը՝ իր ընկերներին հնարավորություն տալով անկորուստ նահանջելու։ Որոշ ժամանակ անց հասկանալով, որ իր անձնակազմը արդեն անվտանգ է, Արա Սարգսյանը սկսեց նահանջել, բայց ականը պայթեց ոտքերի տակ։
Երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ը Արա Սարգսյանը մնաց մարտադաշտում՝ ծանր վիրավորված, մինչդեռ երկու կողմերը պայքարում էին 25-ամյա հրամանատարի համար։ Ադրբեջանցիները փորձում էին մոտենալ ու գերեվարել հայ սպային, հայերը ամբողջ ուժով ցանկանում էին փրկել նրան։ «Կարո՛ղ ես, պիտի ապրե՛ս…», - ինքն իրեն ասում էր հայ սպան՝ հուսալով Աստծուն և պայքարելով իր կյանքի համար։
Տարիներ անց Արա Սարգսյանը հիշում է. «Երևանում հիվանդանոցում աչքերս բացեցի և տեսնեմ՝ սպիտակ սավանով դեմքս ծածկել են, մի կերպ ուժերս հավաքեցի ու արտաբերեցի՝ ջուր։ Բուժքույրը բղավեց՝ կենդանի՜ է…»։
Այս հուզիչ պատմությունն ընթերցելիս` հիշում եմ 41-րդ սաղմոսը։ Երբ սաղմոսերգու Դավիթ մարգարեն հալածվում էր թշնամիների կողմից և նրա կյանքը վտանգված էր, նա աղոթում էր Աստծուն և այդ աղոթքի մեջ դիմում ինքն իրեն՝ ասելով. «Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. հուսա՛ Աստծուն, խոստովանի՛ր Նրան, իմ անձը փրկողն Աստված է»։
Աղոթքը հաճախ իր մեջ ներառում է նաև նմանատիպ մենախոսություն։ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթագիրքը լեցուն է նման օրինակներով։ Աղոթելով Աստծուն՝ Սուրբը հաճախ խրատում է ինքն իրեն։
Ուրեմն, սիրելինե՛ր, նեղությունների և դժվարությունների մեջ աղոթելիս, Աստվածաշնչի խոսքերով հորդորենք ինքներս մեզ՝ հավատալ և վստահել Աստծուն։ Արդարև, երբեմն կարիքն ունենք լսելու մեզ ուղղված Աստծո Խոսքը մեր սեփական ձայնի հնչյուններով։
Comments