• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Աստծո Խոստումը



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի վերջին՝ 40-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Եսայու մարգարեության գրքից է (46.3-47.4):


«Դուք, որ որովայնից իսկ ընտրյալ եք և մանկությունից մինչև ծերություն՝ խրատված,

քանզի ես եմ։ Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, սակայն ես եմ. Ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի և ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ» (Եսայի 46.3-4)։


Մեծ Պահքի քառասնօրյա խորհրդածության շրջանն ավարտվում է Աստծո սիրառատ խոստումով։ Աստված դիմում է բոլոր նրանց, ովքեր ծանրաբեռնված են կյանքի հոգսերով և մտատանջությամբ, ովքեր ցավի և տառապանքի հնոցի միջով են անցնում, ովքեր զգում են իրենց մարմնի տկարացումն ու ծերության մենակությունը։ Նա ով ստեղծեց մեզ, խոստանում է պահել ու պահպանել մեզ մեր մոր որովայնից մինչև խոր ծերություն։


Աստված միշտ մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերում։ Նա տեսնում է մեր տառապանքը, սրբում է մեր արցունքները, զգում է մեր ցավը, լսում է մեր հառաչանքի ձայնը, և ասում է. «Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, ես նույնն եմ. ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, ե՛ս ստեղծեցի և ե՛ս էլ պիտի հանդուրժեմ, ե՛ս պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ» (Եսայի 46.4)։


Արդար, եթե անգամ մարդիկ անտեսում են մեզ, չեն հիշում և կամ հոգ չեն տանում մեր մասին, միևնույն է Աստված մեզ երբեք չի լքում և չի անտեսում։ Նա ստեղծեց մեզ և Նա էլ պիտի հանդուրժի մեզ, պիտի հոգ տանի մեր մասին ու փրկություն պարգևի։ Ինչպես ասում է Ս. Բարսեղ Կեսարացի հայրապետը. «Ուրախ լինենք և համբերությամբ տանենք այն ամենն ինչ աշխարհը նետում է մեզ վրա՝ վստահ գիտակցելով, որ հենց այդ պահերին, հատկապես, Աստծո մտքում ենք»։


Ուրեմն, կյանքի բոլոր հանգամանքներում և իրավիճակներում, երբ անտեսված ենք, հուսալքված կամ մտահոգ, աղոթենք մտաբերելով Աստծո այս սիրառատ խոստումը և վստահ գիտակցենք, որ կյանքի դժվարին պահերին, նեղությունների ու փորձությունների մեջ հատկապես Աստծո մտքում ենք և որ Նա մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերում։

12 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.