• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Աստծո Խոստումը



Միայն Մեկը կա, որ կարող է նման խոստում տալ։ Մարդիկ մեկը մյուսին, ամուսինները միմյանց, զավակներ և ծնողներ փոխադարձ խոստումներ են տալիս։ Բայց և այնպես, անգամ լավագույն մտադրություններով արված խոստումները, մարդիկ չեն կարողանում պահել։ Քանզի մարդիկ մեղավոր, տկար և մահկանացու են։ Իսկ Աստված մարդկանց նման չէ։ Նա միշտ պահում է իր խոստումները։ Երբ նա ասում է, որ մեզ հետ կլինի և մեզ երբեք չի լքի կամ չի անտեսի, այն մեր կյանքերից ներս Նրա հարատև ներկայության խոստումն է։

Աստծո այս խոսքերով դիմեց Հեսուին, այն ժամանակ, երբ վերջինս հաջորդեց Մովսես Մարգարեին՝ կոչված լինելով առաջնորդելու Աստծո ժողովրդին դեպի խոստացյալ երկիրը։ Այս խոստումը տալուց անմիջապես հետ Աստված պատվիրեց Հեսուին զորանալ և քաջ լինել։ Մենք ևս պետք է զորանանք և քաջ լինենք հավատարիմ կյանք ապրելու համար՝ մեծացնելու մեր երեխաներին, սիրելու մեր կողակցին, իրագործելու այս կյանքում մեր բացառիկ կոչումը։

Հեսուին տրված խոստումը, ինչպես նաև մեզ տրված խոստումը, Աստծո ներկայությունն է մեր կյանքերից ներս։ Մենք չենք կարող ինքնուրույն զորավոր լինել։ Մենք կարող ենք և կլինենք զորավոր միայն Տիրոջով, իսկ Նրա զորությունը երբեք տկարություն չի ճանաչում։

Սիրելիներ, ապրենք մեր կյանքը Աստծո կատարյալ ներկայության մեջ, նրա հայրախնամ և սիրառատ հայացքի ներքո։ Եվ Աստված կքայլի մեզ հետ մեր կյանքի բոլոր հանգրվաններում՝ հեռու վանելով վախը և զորացնելով մեզ, որպեսզի քաջաբար հաղթահարենք կյանքի բոլոր դժվարություններ, փորձություններն ու մարտահրավերները։

Փառք, պատիւ եւ երկրպագութիւն ի բարձունս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.