top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Առակ Հոր սիրո մասին



Սիրելիներ, այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է, որը կոչվում է «Անառակի Կիրակի»։ Այս անունը վերցված է «Անառակ Որդու» առակից, որը պատմում է մեր Տեր Հիսուս Քրիստոս Ղուկասի Ավետարանում (15:11-32)։


«Անառակ Որդու» առակը իրավամբ համարվում է երբևէ գրված կարճ պատմվածքներից ամենահանճարեղը։ Միայն մեր տեր Հիսուս Քրիստոս, ով գիտի մարդկային սրտի գաղտնիքները, կարող է նման հիասքանչ կերպով նկարագրել ապաշխարության և դարձի ընթացքը։ Նա պատկերում է ազատության պատրանքով տարված երիտասարդի ձգտումները, հայրական տանից հեռանալը, ժառանգությունը մսխելուց հետո ծայրահեղ աղքատության մեջ հայտնվելն ու ստորացումը՝ ստիպված լինելով ապրելու խոզերի ախոռում։


Այնուհետև Տեր Հիսուս պատմում է, թե ինչպես է երիտասարդը մտաբերում իր երբեմնի երջանկությունը, որն էլ նրան մղում է բռնելու ետդարձի ճանապարհը դեպի տուն։ Տեր Հիսուս նկարագրում է նաև հոր ուրախությունն ու գրկաբաց ընդունելությունը։ Այս ամենը հոգևոր կյանքի մեջ ապաշխարության ընթացքի մաս է կազմում։ Գեղեցիկ պատմուճանը, մատանին և ճաշկերույթը խորհրդանշում են անսպառ ուրախությամբ լեցուն նոր, սուրբ և աստվածային կյանքը։ Այդ կյանքը տրվում է բոլոր նրանց, ովքեր պատկանում են Աստծուն և վերադառնում է Նրա ընտանիքի՝ Եկեղեցու գիրկը։

Այս առակը, սակայն, լոկ ապաշխարության պատմություն չէ։ Այն հատկապես գթառատ Հայր Աստծո և Նրա հավատարիմ սիրո պատմությունն է։ Աստվածաշունչն ընթերցելիս անդրադառնում ենք, որ Աստված միշտ հանդարտ է։ Նա չի շտապում, չի աճապարում, որովհետև և՛ ժամանակը, և՛ հավիտենությունն Իրենն են։ Սակայն կարևոր մի բացառության ենք հանդիպում այս առակի հոր կերպարի մեջ, ով խորհրդանշում է Հայր Աստծուն։ Առաջին անգամ տեսնում ենք, որ Աստված շտապում է։ Տեր Հիսուս ասում է. «Հայրը տեսավ նրան [անառակ որդուն] և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան» (Ղուկաս 15.20)։


Հիրավի, հայրը վազեց ընդառաջ, լավ իմանալով, որ եթե ուրիշ մեկն առաջինը հանդիպի իր որդուն, թերևս պիտի նախատի ու նսեմացնի նրան՝ ընտանիքի պատիվը գետնով տալու համար, ու հեռացնի տանից։ Հայրը վազեց ընդառաջ, որովհետև նրա սիրտը ցնծում էր ուրախությունից իր որդու համար, որը «կորած էր և գտնվեց»։ Այստեղ է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս բացահայտում է Հայր Աստծո սիրո մեծությունը, ջերմեռանդությունն ու գթառատությունը։


Մեղքի պատճառով մենք ևս հեռացել ենք մեր իրական Տնից՝ Աստծո հայրական ներկայությունից։ Բայց, ինչպես «Անառակ Որդու» առակն է հուշում, կարևոր չէ, թե քանի քայլ ենք հեռացել Աստծուց, ետդարձի մի քայլն անգամ բավարար է, որպեսզի սիրառատ Հայրը փութա դեպի մեզ, փարվի մեզ և մեզ ընտանիք վերադարձնի։

160 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page