• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Ապավինիր Տիրոջը



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի իններորդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Առակների գրքից է (2.1-3.10)։


Ընթերցում - «Որդյա՛կ, իմ օրենքները մի՛ մոռացիր, և իմ խոսքերը քո սրտո՛ւմ պահիր, որ երկարեն կյանքիդ օրերը և տարիները քո կենդանության և քեզ խաղաղություն ավելացնեն։ Ողորմությունն ու հավատքը թող քեզանից չպակասեն, կախի՛ր դրանք քո պարանոցից և գրի՛ր դրանք սրտիդ երկայնքով և դու շնորհ կգտնես։ Եվ բարի՛ն խորհիր Տիրոջ ու մարդկանց առջև։ Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ. ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։ Իմաստուն մի՛ եղիր դու քո աչքին, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խոտորի՛ր ամեն չարից։ Այդժամ քո մարմնին բժշկություն կլինի դա և դարման՝ քո ոսկորներին։ Քո արդար վաստակից Տիրոջը պատվի՛ր և քո արդար արմտիքից պտո՛ւղ հանիր նրան, Որ քո շտեմարանները լցվեն ցորենի առատությամբ, և քո հնձաններն ավելիով գինի հորդեն» (Առակներ 3.1-10):


Խորհրդածություն - Տարօրինակ է, բայց շատերս բժիշկներին և դեղատան աշխատակիցներին ավելի շատ ենք վստահում, քան Աստծուն։ Գնում ենք բժշկի մոտ, որին չենք ճանաչում, և նրա կրթության մասին ոչինչ չգիտենք։ Նա դեղատոմս է նշանակում, որը հազիվ ենք կարդում։ Այն տանում ենք դեղատուն և տալիս աշխատակցին, որին ևս չենք ճանաչում։ Դեղատան աշխատակիցը տալիս է մեզ դեղահաբերի տուփը, որ պարունակում է քիմիական ամենատարբեր նյութեր և որոնց մասին գաղափար անգամ չունենք։ Այսուհանդերձ, գնում ենք տուն և կանոնավոր կերպով ընդունում ենք դրանք՝ բժշկի և տուփի վրա գրված ցուցումներին հետևելով։


Եթե այսպես վստահեինք Աստծուն, պատկերացնո՞ւմ եք, թե մեր կյանքը որքան տարբեր կարող էր լինել: Այսօրվա ընթերցվածի մեջ իմաստունն ասում է.«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը» (Առակներ 3.5)։ Բնագրում կիրառված «ապավինել» բայը բառացի նշանակում է նետվել մեկի ձեռքերի մեջ, ինչպես զավակն է նետվում ծնողի գիրկը՝ ամբողջապես վստահելով նրան։ Այսու, «ապավինել Աստծուն», նշանակում է հավատով և աներկբա վստահությամբ նետվել Աստծո ձեռքերի մեջ, և Նրան հանձնել մեր բոլոր հոգսերն ու մտահոգությունները, որովհետև Նա սիրառատ Հայր է և հոգում է մեր մասին։


Ուրեմն, «Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛ գցեք, որովհետև նա է ձեր մասին հոգ տանողը» (Ա. Պետրոս 5.7)։

14 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.