
Տարօրինակ է, բայց շատերս բժիշկներին և դեղատան աշխատակիցներին ավելի շատ ենք վստահում, քան Աստծուն։ Գնում ենք բժշկի մոտ, որին չենք ճանաչում, և նրա կրթության մասին ոչինչ չգիտենք։ Նա դեղատոմս է նշանակում, որը հազիվ ենք կարդում։ Այն տանում ենք դեղատուն և տալիս աշխատակցին, որին ևս չենք ճանաչում։ Դեղատան աշխատակիցը տալիս է մեզ դեղահաբերի տուփը, որ պարունակում է քիմիական ամենատարբեր նյութեր և որոնց մասին գաղափար անգամ չունենք։ Այսուհանդերձ, գնում ենք տուն և կանոնավոր կերպով ընդունում ենք դրանք՝ բժշկի և տուփի վրա գրված ցուցումներին հետևելով։
Եթե այսպես վստահեինք Աստծուն, պատկերացնո՞ւմ եք, թե մեր կյանքը որքան տարբեր կարող էր լինել:
Աստվածաշունչն ասում է.«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր» (Առակաց 3:5) Բնագրում կիրառված «ապավինել» բայը բառացի նշանակում է նետվել մեկի ձեռքերի մեջ, ինչպես զավակն է նետվում ծնողի գիրկը՝ ամբողջապես վստահելով նրան։ Այսու, «ապավինել Աստծուն», նշանակում է հավատով և աներկբա վստահությամբ նետվել Աստծո ձեռքերի մեջ, և Նրան հանձնել մեր բոլոր հոգսերն ու մտահոգությունները, որովհետև Նա սիրառատ Հայր է և հոգում է մեր մասին։
«Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛ գցեք, որովհետև նա է ձեր մասին հոգ տանողը» (Ա Պետրոս 5:7)
Comments