• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Ապավինենք Աստծուն



«Այդ նեղությունը մեր կարողությունից այն աստիճան ծանր էր, որ գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը։ Եվ մեզ վրա անձնապես զգացինք մահվան վճիռը, որպեսզի ապավինենք ոչ թե ինքներս մեզ, այլ Աստծուն, որ հարություն է տալիս մեռելներին։ Նա էր, որ այդպիսի մահվանից փրկեց մեզ և փրկելու է» (2 Կորնթ. 1:8-10):


Աստված ստեղծել է մարդուն, որպեսզի վստահի ու ապավնի Իրեն և Իր հետ հաղորդության միջոցով աստվածանա։ Ավաղ, Եդեմական պարտեզում արդեն, մարդ մոռացավ Աստծո մասին և ցանկացավ իր սեփական ուժերով աստվածանալ՝ խախտելով տերունական պատվիրանը։


Այդ օրվանից ի վեր շատերն են ձգտում սեփական միջոցներով կառավարել կյանքի հանգամանքները և հասնել իրենց նպատակներին պատվիրանազանցությամբ՝ ստախոսությամբ, կեղծավորությամբ, գողությամբ, ուրիշներին զրկելով և նմանատիպ այլ մեղսալի միջոցներով։ Մարդիկ երջանիկ կյանքի իրենց ծրագրերն են մշակում և փորձում իրագործել դրանք՝ ապավինելով իրենց իսկ հնարամտությանն ու խորամանկությանը։


Աստված այնքան է սիրում մեզ, որ նման կերպ ապրելու ազատություն է տվել։ Սակայն Նա պարբերաբար սովորեցնում է մեզ սեփական «ես»-ից անդին անցնել և ապավինել Իրեն՝ օգտագործելով անգամ նեղություններն ու հուսահատ վիճակները։


Սուրբ Պողոս Առաքյալն իր անձնական օրինակով վկայում է, թե ինչպե՛ս նեղություններն ու հուսահատությունը պատճառ դարձան, որպեսզի ամբողջապես վստահի և ապավինի Աստծուն. «որ հարություն է տալիս մեռելներին։ Նա էր, որ այդպիսի մահվանից փրկեց մեզ և փրկելու է»։ Արդյունքում՝ նա դարձավ քրիստոնեության ամենարդյունավետ քարոզիչներից և մեծագույն սրբերից մեկը։


Այսօր էլ, հետպատերազմյան այս ծանր իրավիճակում, համավարակի և տնտեսական ահագնացող տագնապին ընդառաջ, Աստված ուսուցանում է մեզ ապավինել Իրեն։ Եթե այս գիտակցությամբ ապրենք, ապա նեղություններին ու դժվարություններին կնայենք բոլորվին այլ տեսանկյունից։ Անհավատ մարդու համար այս ճգնաժամը հուսալքություն «լավագույն առիթն» է, իսկ հավատացյալի համար, այն մի նոր հնարավորություն է ապավինելու Աստծուն և ապրելու ու արարելու Նրա ամենախնամ Աջի հովանու ներքո։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.