Մեր Տեր Հիսուս Քրիստոս, երբ մի առիթով ընթրիքի էր հրավիրված, իրեն հրավիրողին ասում է. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի։ Այլ, երբ ընդունելություն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»։ (Ղուկաս14:12-14)
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս պատվիրանը լավագույնս իրագործել է Հայոց թագավորներից՝ Աշոտ Գ Ողորմածը, ով թագավորել է Ք.Հ. 953-977 թվականներին։ Ինչպես Ասողիկ պատմիչն է վկայում, Աշոտ Ողորմած թագավորն իր արքունական պալատի մեջ հաճախ ընթրիքներ էր կազմակերպում աղքատների, հիվանդների, կաղերի, կույրերի համար և ինքն էլ սպասավորում էր նրանց։
Ցավոք, որոշ աթեիստ պատմաբաններ, փորձելով նվաստացնել Աշոտի Արքայի կերպարը, նրան խղճահար մի բարեպաշտ են համարում։ Սակայն, ինչպես պատմությունն է վկայում Աշոտ Թագավորը բնավ զուրկ չէր իր արքունական մեծության և մեծագործության զգացումից։ Նրա օրոք Հայաստանն ապրում էր մշակութային և տնտեսական վերելք: Բագրատունյաց ժամանակաշրջանից մնացած նշանավոր շինությունների մեծ մասը իր օրոք են կառուցվել։ Նա պարսպապատեց Անի քաղաքը, կառուցեց պալատներ, եկեղեցիներ ու այլ շինություններ և Անին հռչակեց Հայոց մայրաքաղաք 961 թվականին։
Բացի տնտեսական աճից, նրան հաջողվեց նաև Հայաստանում խաղաղություն հաստատել՝ հաջողությամբ ետ մղելով Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ Իսկ 973 թվականին 80 հազարանոց բանակով նա դուրս եկավ Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը:
Նրա շնորհիվ Հայաստանում զարգացավ քաղաքաշինությունը: Իսկ նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, ետ չմնալով ամուսնուց՝ իր հերթին 966 թվականին կառուցեց Սանահինի, իսկ 976 թվականին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտակրթական կենտրոններ դարձան։
Արդարև, Աշոտ Ողորմած արքան ու իր սուրբ ընտանիքը, ոչ միայն իր հատուցումը պիտի գտնի արդարների հարության օրը, այլև, արդեն իսկ, այս երկրի վրա առտապես օրհնվեց Աստծուց։ Նրա օրինակը թող միշտ հիշեցնի մեզ և մեր պաշտոնյաներին ու մեծահարուստներին, որ ինչպես այս կյանքում, այնպես էլ՝ հանդերձյալում, հաջողության բանալին սերն է, սեր՝ առ Աստված և սեր՝ առ մերձավորը։
Comments