
«Ընտրյալ մարդիկ դադարեցին օրհնություններ երգելուց։ Մեր սրտերը զրկվեցին ուրախությունից»։ (Ողբ 5:14-15)
Կյանքում լինում են պահեր, երբ թվում է, թե ոչինչ էլ առաջվանը չի լինի։ Մարդ իրեն կոտրված է զգում և վախենում է անգամ հուսալ։ Կամ էլ գիտի, որ լավ օրեր, այնուամենայնիվ, գալու են, սակայն հուսահատությունն այնքան մեծ է, որ նա չի կարողանում հաղթահարել իր թախիծն ու վիշտը։ Երաժշտությունը դադարել է և նրա սիրտը՝ զրկվել ուրախությունից։
Երեմիա Մարգարեն նման ապրումների մեջ գրեց իր «Ողբը», որը Հին Կտակարանում հայտնի է «Ողբ Երեմիա Մարգարեի» վերտառությամբ։ Այս գիրքը սգալից երգերի ժողովածու է՝ ձոնված Երուսաղեմին և նրա ժողովրդին՝ բաբելացիների կողմից քաղաքի ավերածությունից և գերեվարությունից հետո։ Այստեղ Երեմիա մարգարեն խոստովանում է Աստծո զորությունն ու արդարությունը, սակայն միևնույն ժամանակ նկարագրում է իր և իր ժողովրդի մերժված լինելու հուսահատ զգացումը։ Մարգարեն բացականչում է. «Ինչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ»։ (Ողբ 5:20)
Եթե այս զգացումն ունեք, սիրելինե՛ր, ապա քաջալերվեցե՛ք և վստա՛հ իմացեք, որ դուք մենակ չե՛ք, և Աստված ամբողջապես հասկանում է ձեզ։ Աստծո Միածին Որդին՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոս, ծաղրվեց ու չարչարվեց իր թշնամիների կողմից, դավաճանվեց Իր մտերիմներից և խաչափայտի վրա անգամ անասելի տառապանքի մեջ աղաղակեց. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Մարկոս 15:34)։ Սակայն Աստված «նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանն ամեն ծունկ խոնարհվի … և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու»։ (Փիլիպեցիներին 2:9-11)
Հուսահատության խավարի միջից Աստծո փրկության հենց այս խոստումի լույսին էր իր հայացքը հառել Երեմիա մարգարեն և դրա համար էլ կարողացավ անգամ ամենահուսահատ իրավիճակի մեջ ուժ գտնել և երգել հավատքի բառերով, որոնք դարեր շարունակ հույս են ներշնչում միլիոնավոր հավատացյալների. «Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում։ Ամեն նոր առավոտի հետ բազմանում է քո ճշմարտությունը, Տե՛ր»։ (Ողբ 3:22-23)
Comments