• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Անպարտելի հավատք և հաղթանակ



Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ


«Եվ ա՛յս է այն հաղթությունը,

որ հաղթում է աշխարհին` մեր հավատը»

(Ա Հովհ. Ե 4):


Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,


Այսօր մեր եկեղեցիների նվիրական կամարների ներքո, մեր տներում, աշխատանքի վայրերում ի սփյուռս աշխարհի, միասիրտ ու միահոգի՝ զորակցության մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված Արցախ աշխարհի խաղաղության, մեր քաջարի զորաց և զորականաց հաղթության և մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։


Հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ ու անկախ կյանքի պաշտպանությունը ամեն մի հայի սրբազան առաքելությունն է: Այս առաքելությանն ենք լծված բոլորս մեր կյանքով ու ծառայությամբ, մեր սրբազան հայրենիքի պաշտպանության հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց այժմ գտնվում ենք մի իրավիճակում, երբ խաղաղություն ունենալու համար պիտի պայքարենք։ Մեր ժողովրդի ու հայրենիքի համար վճռական այս օրերին մենք հաստատակամ ու աներեր ենք՝ մեր հերոս նախնիների նույն նվիրումով, քաջությամբ և ոգու արիությամբ պաշտպանելու հայրենիքը և ազատ ու անկախ կյանքի իրավունքը։


Ոչ մի ուժ չի կարող սասանել մեր ժողովրդի ազատ ապրելու կամքը, որը զորացնում է ազատության համար մարտնչող հերոս մեր զավակների բազուկները և ամրացնում նրանց հոգին։ Հայոց բանակի արիասիրտ մարտիկները, Արցախ մեկնած բազում կամավորներ այս պահին էլ դիմակայում են Թուրքիայի հետ համատեղ իրականացվող Ադրբեջանի հարձակումներին և թեժ մարտերում ետ մղում հակառակորդին։


Սիրելիներ, հաղթանակը որոշվում է ոգու ամրությամբ ու արիությամբ և անպարտելի հավատքով, որով միշտ զորեղ է եղել մեր ժողովուրդը՝ օրհասական պահերին իր ազատամարտերը պսակելով փառավոր հաղթությամբ։ Մեր միաբանությամբ, անպարտելի ոգով ու հավատով պիտի հաղթահարենք փորձություններն ու նեղությունները, և Աստծո օրհնությամբ ազգս հայոց պիտի շարունակի զորացնել իր պետականությունը, բազմապատկել խաղաղ կյանքի ձեռքբերումները, որոնցով անկախության այս տարիներին շենացել է Հայաստան և Արցախ մեր հայրենիքը։ Ոգու ուժ և եռանդ, տոկունություն և հաղթանակներ մեզ և Արցախի բարեպաշտ մեր ողջ ժողովրդին։


Մենք բոլորս քաջալեր ու գոտեպինդ ենք՝ տեսնելով այս օրերին Արցախից սփռվող արիության ոգին, հաղթական ու անպարտելի հավատքը պատերազմական իրավիճակի նեղությունների ու դժվարությունների դիմագրավման մեջ։ Այսօր Պողոս առաքյալի խոսքով ենք գնահատում արցախաբնակ մեր սիրելի քույրերի ու եղբայրների աննկուն կամքը, հանուն հայրենիքի պաշտպանության ու անսասանության անձնազոհություններ հանձն առնելու պատրաստակամությունը և հաղթանակի վճռականությունը. «Մենք ձեզնով պարծենում ենք, …ձեր համբերության ու հավատի համար՝ ձեր այն բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք» (Բ Թեսաղ. Ա 4)։


Սիրելիներ, Մենք հպարտ ենք մեր ժողովրդով․ իրենց զավակներին հայրենիքին ընծայող մեր հայրերով ու մայրերով, դեպի առաջնագիծ շտապող հայրենասեր երիտասարդներով ու ազատամարտիկներով, հանուն մեր կյանքի անվտանգության ու հարատևության տքնողներով, Արցախին սատարող ամեն մեծ ու փոքրով։ Հպարտ ենք զինվոր ու սպա մեր զավակներով, որ անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները և մարտնչում են հաղթանակի անվերապահ հավատով։ Մենք հպարտ ենք մեր ժողովրդի համախմբվածությամբ և միասնականության դրսևորումներով, արցախահայությանը օգնական լինելու աշխարհասփյուռ հայության պատրաստակամությամբ և հանձնառություններով, որով պիտի դիմագրավենք թշնամուն և թույլ չտանք իրագործել նոր ցեղասպանություն։


Հայրապետական Մեր պատգամն ենք վերստին բերում ձեզ, սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, զորեղ մնալու հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, ոգով աննկուն ու անվեհեր՝ միասնական ջանքերով ու գործերով ընթանալու դեպի հաղթանակ։ Միասնաբար պիտի պաշտպանենք մեր հայրենիքը, հզորացնենք մեր անկախ պետականությունը և անվտանգ ու խաղաղ երկիր ավանդենք մեր սերունդներին։


Աստծո պահպանությունն ու հովանին մեր ժողովրդին և հայրենիքին։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.