top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աղոթք՝ չարախոսության փոխարեն



Նկատե՞լ եք, թե մարդկանց մասին մեր կարծիքը որքան հաճախ է փոփոխության ենթարկվում։ Մի օր կարծում ենք, որ նրանք հրաշալի են, հաջորդ օրը ատում ենք նրանց։ Ապա թույլ ենք տալիս, որ մեր զգացմունքները հորդեն մեր մտքից և բերանից՝ դառնալով չարախոսություն, բամբասանք և ատելության խոսք։

Մեր շրջապատի մարդկանց մասին մտածելու ցանկությունն ինքին սխալ չէ։ Մենք հասարակական և բանական էակներ ենք և բնական է, որ կարծիք պիտի ձևավորենք մեր շրջապատի մարդկանց, իրերի և իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն անբնական է և սխալ է, երբ մեր այդ կարծիքը վերածվում է չարախոսության և բամբասանքի։

Շատ դյուրին է խոսել ուրիշների կյանքի մասին և դատողություններ անել։ Երբեմն, լսելով նրանց խնդիրների մասին, ներքին որոշ ուրախություն ենք ապրում. մի պահ թվում է, թե մեր կյանքն ավելի լավն է՝ քան նրանցը։ Երբեմն էլ, մեր բարձրության պատվանդանին մնալու համար, նրանց ոտնահարում ենք իրենց պատվանդանից և նետում ցեխի մեջ։

Սիրելիներ, խոսքը ուժ ունի։ Աստված Խոսքով ստեղծեց աշխարհը։ Հիսուս խոսքով խաղաղեցրեց փոթորիկները, բժշկեց հիվանդներին և հանդիմանեց փարիսեցիներին։ Մեր խոսքը ևս ուժ ունի և այն կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ մարդկանց վրա։

Առակաց Գիրքն ասում է. «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և ով հաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը։ (Առ 18:21)

Լեզուն կարծես զենք լինի, որ կարող է գործածվել և՛ բարի և՛ չար նպատակներով։ Չարախոսություն բառն ինքնին հուշում է, որ լեզուն գործածվում է չար նպատակով, իսկ աղոթքը և օրհնությունը՝ բարի նպատակով։ Եթե հասկանանք այդ զենքի կիրառության նրբությունները, ապա կկարողանանք վայելել նրա պտուղները։ Երբ լիովին ըմբռնենք լեզվի զորությունը, ապա շատ զգույշ կլինենք, թե ինչ ենք խոսում, գրում համացանցում կամ բարձրաձայնում մարդկանց հետ մեր զրույցների ժամանակ։

Անշուշտ դժվար է ձերբազատվել բամբասանքի մեղքից, սակայն ոչ անհնարին։ Իսկ միակ միջոցը՝ սերն է։ Երբ ուրիշների մասին մեր կարծիքն անցկացնենք սիրո մաղով և ոչ թե դատապարտության, այդ ժամանակ աղոթքը կփոխարինի բամբասանքին։

Մարդկանց մասին տեղեկություն ստանալու պահին երկու ընտրություն ունենք՝ օրհնություն կամ չարախոսություն։ Կարող ենք կարեկցանք ցուցաբերել և աղոթել նրանց համար, կամ դատել նրանց և չարախոսել նրանց մասին։ Ընտրությունը մերն է։

Ուրեմն, մարդկանց մասին չարախոսելու փոխարեն աղոթենք նրանց համար։ Կործանարար խոսքը փոխարինենք շինիչ խոսքով՝ Առաքյալի հորդորի համաձայն. «Ոչ մի տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսքը, որ շինիչ է և օգտակար, որպեսզի շնորհով լցվի նա, ով այն լսում է»։ (Եփեսացիս 4:29)

105 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
bottom of page