Համաձայն Ավետարանի Հիսուս մահացավ ուրբաթ օրը ժամը երեքին (Ղուկաս 23:44-46)։ Այն Երուսաղեմում զոհաբերությունների ժամն էր և քանի որ Զատկական շաբաթն էր, Տաճարում գառներ էին զոհաբերվում։
Սովորաբար զոհաբերությունների ժամանակ քահանան հնչեցնում էր եղջերափողը և ժողովուրդը լսելով դրա ձայնը մի պահ կանգ էր առնում իր առօրյա գործերից ու լուռ աղոթում։ Հենց այդ լռության պահին էլ Հիսուս ավանդեց իր հոգին։
Տաճարում զատկական գառներն էին զոհաբերվում, իսկ Աստծո Գառը զոհաբերվում էր խաչի վրա, ինչպես որ մարգարեացել էր Սուրբ Հովհաննես Մկրտիչը. «Ահա՛ Գառն Աստուծո, որ վերացնում է աշխարհի մեղքը»։ (Հովհաննես 1:29)
Քրիստոսի զոհաբերությունից հետո այլևս գառների զոհաբերության կարիք չկա, քանզի «Աստված նախկին բոլոր զոհերը վերացնում և դրանց փոխարեն հաստատում է Քրիստոսի զոհը։ Եվ որովհետև Հիսուս Քրիստոսն Աստծո կամքը կատարեց, նրա մարմնի մեկընդմիշտ պատարագումով մենք սրբվեցինք մեր մեղքերից»։ (Եբրայեցիս 10:9-10)
Ուրեմն, «իմացե՛ք, որ կորստյան ենթակա արծաթով կամ ոսկով չէր, որ փրկվեցիք ձեր հայրերից ժառանգած ձեր ունայն կենցաղից, այլ անբիծ և անարատ Գառան՝ Քրիստոսի թանկագին արյամբ։ Նա ընտրված էր աշխարհի ստեղծումից իսկ առաջ, բայց վախճանին երևաց մեզ համար։ Նրանով է, որ հավատում ենք Աստծուն, որ մեռելներից հարություն տվեց և փառավորեց նրա, որպեսզի ձեր հավատն ու հույսը կապեք Աստծո՛ւ հետ։ Արդ, դուք, որ հնազանդվելով ճշմարտությանը՝ սրբեցիք ձեր անձերը, որպեսզի ապրեք անկեղծ եղբայրասիրությամբ, սիրեցե՛ք միմյանց սրտանց, մաքուր սրտով»։ (Ա. Պետրոս 1:18-22)
Աղոթք
«Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ ես ճշմարտապես և ամենասուրբ, և ո՞վ կարող է պարծենալ, Քո՝ մեր հանդեպ ունեցած անչափ բարեգորովության զեղումները խոսքով բովանդակելու մեջ։ Որ արդեն իսկ նախապես մեղքերի տակ ընկածներին զանազան եղանակներով խնամելով սփոփեցիր, մարգարեներով, օրենքների տվչությամբ, քահանաներով և ստվերակերպ երինջների զոհաբերությամբ։ Իսկ այս օրերի վախճանին մեր բովանդակ պարտքերի դատավճիռները խզելով՝ Քո Միածին Որդուն տվեցիր մեզ, որպես Պարտապան և Պարտք, Ողջակեզ և Օծյալ, Գառ և Երկնավոր Հաց, Քահանայապետ և Պատարագ»։ (Հատված Սբ. Պատարագից)
Comments