«Ալէլուիա» բառը երբայեցերենից թարգմանաբար նշանակում է՝ «Օրհնեցե՛ք Աստծուն»։ «Օրհնել» բայն այստեղ կիրառվում է փառաբանել իմաստով և հրամայական եղանակով, որը նշանակում է, որ այն առաջարկ կամ հրավեր չէ, այլ պատվիրան է՝ ուղղված յուրաքանչյուրիս։ Սա լավագույնս երևում է 150-րդ սաղմոսի վերջին հատվածի մեջ, երբ սաղմոսերգուն կոչ է անում. «Բոլո՛ր հոգիներ, Տիրո՛ջն օրհնեցեք»։ Նա ով հոգի ունի կամ շնչավոր արարած է, կոչված է օրհնելու և փառաբանելու Աստծուն «ուրախությամբ ... քաղցր խոսքերով ... լսելի բարբառով ... գոհության ձայնով»։ (Սաղմոս 150:4-6)
1741 թվականին Գեորգ անունով 57 տարեկան կաթվածահար մի երգահան ստեղծագործական խորը ճգնաժամի մեջ էր։ Մի օր նա լսեց դռան թակոցի ձայնը. նրա ընկերն էր՝ գործազուրկ և անծանոթ մի բանաստեղծ։ Բանաստեղծն ընկերոջ համար կարդաց իր հեղինակած պոեմը՝ «Սրբազան Օրատորիա» վերտառությամբ։ Պոեմն այնքան գեղեցիկ և հուզիչ էր, որ մղեց Գեորգին առանձնանալու և մեկուսանալու իր սենյակում։ Նա օրերով դուրս չէր գալիս այնտեղից։ Նրա ընտանիքն անհանգստանում էր, որովհետև նա անգամ դուռը չէր բացում։ Նրանք կերակուրը թողնում էին դռան առջև, որին երգահանը շատ հաճախ անգամ չէր էլ դիպչում։ Պատուհանից կարելի էր տեսնել, թե ինչպես է Գեորգը հաճախակի վեր թռչում դաշնամուրի առջև, շարժում իր ձեռքերը և գոչում «Ալելուիա»։ Ի վերջո՝ 24 օր հետո, Գեորգը դուրս եկավ իր ինքնամեկուսացումից և աշխարհին պարգևեց «Ալելուիա Խմբերգը»։
Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը 1741թ.-ին գրեց իր հանրահռչակ «Ալելուիա Խմբերգը» և «Մեսիա» օրատորիան՝ Աստծո փառաբանության և պաշտամունքի փորձառությունն անձնապես ապրելուց հետո միայն։ Հենդելը սակավախոս էր, բայց մի առիթով նա նկարագրում է այս երաժշտության ստեղծման պատմությունը հետևյալ հակիրճ նախադասությամբ. «Կարծում եմ, որ իրապես տեսա երկինքն իմ առջև բացված և Ամենազոր Աստծուն Իր փառքի մեջ»։
Տաղանդավոր բանաստեղծի և հանճարեղ երգահանի անձնական փորձառությունից ծնվեց մի գլուխգործոց, որը դարեր շարունակ մղում է հազարավոր սերունդների փառաբանելու և գովանաբելու Ամենազոր Աստծուն՝ հռչակելով. «Ալելուիա»։
Comments